Մենք համբերատար 3 ամիս, 4 ամիս, կես տարի սպասում ենք, բայց բանկերից որոշ դեպքերում շարժ չի նկատվում․ Փաշինյան
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ուսումնասիրել բանկային ոլորտը և պարզել, թե ինչու որոշ բանկեր և վարկային կազմակերպություններ չեն մասնակցում Կառավարության կողմից իրականացվող և սոցիալական բաղադրիչ ունեցող ծրագրերին։
«Ընդհանուր առմամբ, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին մեր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների մասնակցության խնդիր ունենք։ Մենք տեսնում ենք, որ միշտ չէ, որ բանկերը մասնակցում են անհրաժեշտ ոգևորվածությամբ և ծավալով։ Կարծում եմ, որ սա սոցիալական պատասխանատվության շատ կարևոր բաղադրիչ է։ Կարծում եմ նաև, որ այստեղ պետք է մեր բանկերը և ֆինանսական կազմակերպությունները կողմնորոշվեն։ Արժե այս թեմայով խորհդակցություն անել բոլոր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ, հրավիրել նրանց ղեկավարներին, քննարկել և քաջալերել նրանց, որովհետև ծրագրեր կան և մենք համբերատար 3 ամիս, 4 ամիս, կես տարի սպասում ենք, բայց բանկերից որոշ դեպքերում շարժ չի նկատվում»,- ասաց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով այն բանկերին և ֆինանսական կազմակերպություններին, որոնք արձագանքում են Կառավարության սոցիալական բնույթի ծրագրերին։
Նրա խոսքով՝ եթե բանկերի կողմից ծրագրերին չմասնացելը դառնում է վերաբերմունք և քաղաքականություն, ապա պետք է Կառավարությունը ևս իր վերաբերմունքը և քաղաքականությունը ճշգրտի։