Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Ինչն է խանգարում համայնքներին զարգանալ. Երեւանում անցկացվեց Կայուն համայնքային էներգետիկ զարգացման համաժողով

Երբ համայնքներում ասում են՝  փող չկա, ասում եմ՝  խելացի ծրագիր գրեք, փող կգտնվի,- ասում է ՀՀ ՏԿԵՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:  Կայուն համայնքային էներգետիկ զարգացման համաժողում նա ներկայացնում էր,  թե ՀՀ կառավարությունը ինչ աջակցություն է տրամադրել համայնքների կայուն զարգացմանը: 2021թ.-ին հաստատվել է 678 սուբվենցիոն ծրագիր՝  ընդհանուր 48,4 մլդ դրամ արժողությամբ, որից պետբյուջեից համաֆինանսավորումը եղել է 23,3 մլդ դրամ:

Նա նաեւ հիշեցնում է,որ կայուն զարգացումը, գործարար միջավայրի բարելավումը ու ձեռնարկատիրության խթանումը  համայնքի համար պարտադիր խնդիրներ են: Աշոտ Գիլոյանը շեշտում է, որ  համայնքների ենթակառուցվածքների զարգացման  ուղղված  պետական աջակցության նպատակը երկրի բոլոր բնակավայրերում հավասարակշռված ու կայուն զարգացման ապահովումն է, որ, նրա բառերով,  մարդիկ չցանկանան մարզերից տեղափոխվել Երեւան, Երեւանից էլ  Գերմանիա:

Համաժողովը հրավիրվել էր ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում    Հայաստանի համայնքների միությունը («Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աջակից և գործընկեր Հայաստանում),  ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի» հետ համագործակցաբար:

Հայաստանի համայնքների միության նախագահ  Էմին Երիցյանը շեշտում է, որ իրոք, մեր համայնքներում կա մենեջմենթի խնդիր, ու շնորհիվ միջազգային ծրագրերի, մասնավորապես   «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»  ծրագրի, աստիճանաբար զարգանում են այդ կարողությունները:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» -ը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է ներկայացնել և աջակցել ԵՄ-ի այս կլիմայական և էներգետիկ նախաձեռնությունը Արևելյան գործընկերության երկրներում:

Ծրագիրն աջակցում է տեղական իշխանություններին կայուն էներգետիկ քաղաքականության իրականացման, էներգետիկ անվտանգության ապահովման և կլիմայի փոփոխության մեղման և հարմարվողականության գործում:

 Ներկայումս Հայաստանում Դաշնագրին անդամակցում է 30 համայնք, որոնցից 12-ը արդեն մշակել են իրենց գործողության ծրագրերը:

 Դաշնագիրը ստորագրող ինքնակառավարման մարմինները պարտավորվել են մշակել և իրականացնել տեղական մակարդակով գործողություններ, որպեսզի նպաստեն կլիմայական մարտահրավերներին դիմակայելուն և իրենց տարածքների կայուն զարգացմանը:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը իր ելույթում անդրադարձավ խոչընդոտներին. մասնավորապես՝  համայնքներում էներգետիկ կառավարման  ու կառավարիչների ինստիտուտը չի կայացել, բացակայում է էներգետիկ ռեսուրսների սպառման վերաբերյալ համակարգված տեղեկատվական բազան:

Ի դեպ, «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»  ծրագրի ազգային համակարգողն է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ծրագրի աջակիցն ու տեղական գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը, աջակիցներն են Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն ու Էներգախնայողության աջակցության հիմնադրամը։