Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_1-DSC02009
A A
Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին մայիսին 3-ին ընդունեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց Միասնական հարթակի ձևավորման նպատակահարմարությունը, խնդիրներն ու գործունեության ուղղությունները։ «ՀԱԳՄ-ն, ոլորտային տարբեր գործարար հասարակական կառույցները նախկինում ևս ունեցել են ինչպես միմյանց, այնպես էլ գործադիր իշխանության հետ անմիջական գործակցության փորձ, բայց քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ Միասնական հարթակի շրջանակներում կհաջողվի առավել արդյունավետ կերպով վեր հանել համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերը, իրականացնել համատեղ քննարկումներ, ձևավորել միասնական լուծումներ և ներկայացնել կառավարական պատկան մարմիններին»,-նշեց Արսեն Ղազարյանը։ Հարթակը, որին այս պահին միացել է տասնմեկ տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպություն, բաց է, ուստի ակնկալվում է, որ առաջիկայում այլ կառույցներ ևս կմիանան։ ՀԱԳՄ նախագահը վստահություն հայտնեց, որ այն թույլ կտա առավել արդյունավետ բացահայտել տարբեր ոլորտներում առկա խնդիրները, քննարկել, ձևավորել հիմնավոր ընդհանուր մոտեցումներ, նոր ձևաչափով իրականացնել պետություն-մասնավոր երկխոսությունը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին և գործակցության նոր ձևաչափի նախաձեռնությունը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հետագա լայն համագործակցության պատրաստակամություն հայտնեց։ Անդրադառնալով տնտեսական ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի նախկին փորձին, նա ընդգծեց, որ նոր ձևաչափը չի փոխարինելու մինչ այս եղածներին, այլ լրացնելու, հարստացնելու է այդ զինանոցը։ ՀՀ փոխվարչապետը կարևորեց տնտեսական բարեփոխումների շրջանակում իրականացվող քայլերին, հրատապ խնդիրներին գործարար շրջանակների կողմից ժամանակին, հիմնավոր և միասնական մշակված հավաքական կարծիքների ձևավորումն ու ներկայացումը։ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց գործադիր-Միասնական հարթակ արդյունավետ կապի աշխատակարգի սահմանման, համատեղ քննարկվելիք հիմնահարցերի օրակարգի ձևավորման հստակեցման անհրաժեշտությունը։

Մասնակից կառույցների ղեկավարները ևս ներկայացրին Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի գործունեության վերաբերյալ իրենց պատկերացումներն ու ակնկալիքները։ ՀՀ փոխվարչապետը պատասխանեց հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Որոշվեց փոխգործակցության աշխատակարգի մշակումից հետո սահմանել համանման հանդիպումների պարբերականությունն ու քննարկվելիք հարցերի հավաքագրման և ներկայացման եղանակներ