
Աննա Սարգսյանը եզրափակեց լավագույն 10-յակը. շախմատի Եվրոպայի առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությունը:
Հայաստանի շախմատիստուհիներն անչափ անհաջող հանդես եկան վերջին՝ 11-րդ տուրում և զիջեցին դիրքերը: Մրցանակային տեղերի համար պայքարող Աննա Սարգսյանը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Դեյմանտե Դաուլիտե Կորնետի հետ, չնայած դիրքային առավելություն ուներ: Արդյունքում, նա վաստակած 7,5 միավորով զբաղեցրեց 10–րդ տեղը և զրկվեց աշխարհի առաջնության ուղեգրից, որը վաստակեցին առաջին 9 տեղերը զբաղեցնող շախմատիստուհիները: Աննա Սարգսյանը կստանա մոտ 1900 եվրո դրամական պարգև:
Բարձր տեղ զբաղեցնելու լավ հնարավորություն ունեցող Էլինա Դանիելյանը լեհ Ալեքսանդրա Մալցևսկայայի հետ պարտիայում ոչ միայն կորցրեց դիրքային առավելությունը, այլև վերջում պարտվեց: Նա վաստակած 7 միավորով զբաղեցրեց 14-րդ տեղը: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաև Լիլիթ Մկրտչյանը, որը վերջին պարտիայում հաշտություն կնքեց Ալինա Բիվոլի հետ: Նա առաջնությունն ավարտեց 21-րդ հորիզոնականում: Սույն շախմատիստուհիները կստանան 500-ական եվրո:
Մարիամ Մկրտչյանը Վալենտինա Գունինայի հետ մրցամարտում նույնպես պարտվեց համարյա հաղթած պարտիայում: Նա 6,5 միավորով գրավեց 30-րդ տեղը:
Սուսաննա Գաբոյանը և Պոլինա Կոբակն իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան և ի վերջո զբաղեցրին համապատասխանաբար 65–րդ և 84-րդ տեղերը: