
A
A
Արցախի Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը
Աջակցիր «Ա1+»-ին2023 թ․ փետրվարի 6-ին Ադրբեջանը՝ Արցախի շրջափակումից ի վեր արդեն վեցերորդ անգամ փակել է Հայաստան-Արցախ միակ գազատարը։ Անցած 57 օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի գազամատակարարումը խափանել է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին՝ 3 օրով, 2023 թ․ հունվարի 17-ին՝ մեկ օրով, հունվարի 18-ին՝ մեկ օրով, հունվարի 21-ին՝ 4 օրով և հունվարի 28-ին՝ մեկ օրով՝ այդպիսով խաթարելով Արցախի բնակչության նորմալ կենսագործունեությունը և հոգեբանական ճնշում գործադրելով նրա վրա։
Ադրբեջանի գործողությունների պատճառով հանրապետության 120 հազար բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, տրանսպորտային խիստ շրջափակման և ձմեռային ցուրտ պայմաններում շարունակում են մեծ դժվարություններ կրել ջեռուցման և տաք ջրի ապահովման հարցում։ Իրավիճակն էլ ավելի է վատթարանում հունվարի 9-ին Հայաստանից եկող միակ բարձրավոլտ գծի վթարի հետևանքով առաջացած էլեկտրաէներգիայի սուր պակասի պատճառով, իսկ ադրբեջանական կողմը համառորեն խոչընդոտում է վերականգնողական աշխատանքները։
Ադրբեջանի նման գործողությունները հստակ կերպով հաստատում են, որ նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից։ Իր նպատակներին հասնելու համար Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը դիմում է Արցախի շրջափակմանը, խաթարում է կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքը՝ այսպիսով ստեղծելով անտանելի կենսապայմաններ և խաղաղ բնակչությանը մատնելով անհավանական դժվարությունների։
Ադրբեջանի անմարդկային գործողությունները վկայում են, որ այս երկրի բարձրագույն ղեկավարությունն իրեն վեր է դասում միջազգային իրավունքից և մարդկային բարոյականության նորմերից։ Անտեսելով բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների՝ Արցախի շրջափակման անհապաղ վերացման կոչերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու մասին որոշումը, պաշտոնական Բաքուն փաստացի ինքն իրեն հակադրում է քաղաքակիրթ հանրությանը։ Նման վարքագիծը հնարավոր է դարձել Բաքվի ռեժիմի անպատժելիության պայմաններում, ինչը արձակել/ում է նրա ձեռքերը՝ ավելի խստացնելու իր հանցավոր քաղաքականությունն Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ։

[ԱՀ Արտաքին գործերի նախարարություն]