Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

«Ուրարտուն» հյուրընկալվելիս ջախջախեց «Փյունիկին». ՀՀ ֆուտբոլի ՊԼ

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում կայացան հետաձգված 17-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:

Մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» ընդունեց մրցաշարի նորեկ «Լեռնային Արցախին»: Խաղն ավարտվեց տանտերերի նվազագույն հաղթանակով, չնայած նրանք 67-րդ րոպեից հանդես եկան 10 խաղացողով: Միակ գոլը 76-րդ րոպեին խփեց Ռոմերսիոն:

Օրվա երկրորդ խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկն» իր հարկի տակ հանդիպեց ընթացիկ առաջնության առաջատար «Ուրարտուին»: Խաղն ավարտվեց հյուրերի խոշոր հաշվով հաղթանակով՝ 3:0: Առաջին խաղակեսի 31-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստով, քանի որ դաշտից հեռացվեց Ալեքսանդր Միլկովիչը: «Ուրարտուն» երկրորդ խաղակեսում երեք անպատասխան գոլ խփեց՝ օգտագործելով թվային առավելությունը:

Այդ հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 47 միավոր և տարին ավարտեց 1-ին հորիզոնականում: Նրան հաջորդող «Արարատ-Արմենիան» ետ է մնում 4 միավորով: «Փյունիկը» և «Ալաշկերտը» 34-ական միավորով կիսում են 3-4-րդ տեղերը, սակայն փյունիկցիները մեկ խաղ քիչ են անցկացրել:

Այդպիսով, ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի աշնանային հատվածը: Առաջնությունը կվերսկսվի 2023թ փետրվարի 24-ին: