Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+katar (7)
A A
Սպորտ

Քաթար-2022, մրցումային 16-րդ օր. Բրազիլիան ընդդեմ Կորեայի, Խորվաթիան՝ Ճապոնիայի

Քաթարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան 1/8 եզրափակիչ փուլի հերթական երկու հանդիպումները:

Ճապոնիա – Խորվաթիա

Խաղի սկիզբը՝ 19:00

Ճապոնիայի ընտրանին այս առաջնության հայտնությունն է համարվում: Խմբային փուլում ճապոնացիները միևնույն 2:1 հաշվով հաղթել են Գերմանիայի և Իսպանիայի հզոր հավաքականներին և գրավել առաջին տեղը: Ի դեպ, նրանք երկու դեպքում էլ առաջինն են գոլ բաց թողել: Դա նշանակում է, որ Ճապոնիան կամային բարձր հատկանիշներ ունեցող թիմ է:

Խորվաթիայի հավաքականը խմբային փուլում հաղթել է միայն Կանադային՝ 4:1, իսկ Մարոկոյի և Բելգիայի հետ խաղացել է ոչ-ոքի՝ 0:0: Աշխարհի գործող փոխչեմպիոնները դեռևս չեն ցուցադրում իրենց բնորոշ դիտարժան ոճը, ավելի շատ հաշվենկատ ֆուտբոլ են խաղում: Արդյոք դա արդյունք կտա հոգեբանական վերելքի մեջ գտնվող Ճապոնիայի հետ մրցավեճում, ցույց կտա թիմերի թվով երրորդ հակամարտությունն աշխարհի առաջնությունում: Նախորդ երկուսում խորվաթները տարել են մեկ հաղթանակ՝ 1:0, իսկ մյուս խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0:

Բրազիլիա – Կորեա

Խաղի սկիզբը՝ 23:00

Բրազիլիայի հավաքականը վստահ է մտել փլեյ-օֆֆ, չնայած խմբային փուլի վերջին խաղում պարտվել է Կամերունին՝ 0:1: Կորեայի ընտրանին, հակառակը, մարզական բախտի շնորհիվ է դարձել աշխարհի հնգակի չեմպիոնի մրցակիցը, քանի որ միայն խփած գոլերի քանակով է առաջ անցել Ուրուգվայի ընտրանուն: Ի դեպ, խմբային փուլում կորեացի ֆուտբոլիստները 0:0 են խաղացել հարավամերիկյան այդ թիմի հետ:

 

Կողմերը նախկինում բազմիցս մրցել են իրար հետ, սակայն ընկերական մակարդակով: Անցկացրած 5 խաղերում Բրազիլիան տոնել է 4 հաղթանակ, ընդ որում վերջինը հենց այս տարի, 5:1 հաշվով: