Քաթար-2022-ին պատրաստվող մրցավարը 10 ֆուտբոլիստ է հեռացրել մեկ խաղում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինացի մրցավար Ֆակունդո Տեխոն համարվում է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլային խաղավարներից մեկը։ Զարմանալի չէ, որ նա ընդգրկվել է ՖԻՖԱ-ի էլիտար մրցավարների ցուցակում և կսպասարկի ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնության խաղերը։
Սակայն, Քաթար-2022-ի մեկնակից երկու շաբաթ առաջ, 40-ամյա մրցավարը յուրատեսակ ռեկորդ է սահմանել: Արգենտինայի այսպես կոչված չեմպիոնների գավաթի եզրափակիչում, որտեղ միմյանց հետ հանդիպել են երկրի չեմպիոն «Բոկա Խունիորսն» ու փոխչեմպիոն «Ռասինգը», Ֆակունդո Տեխոն դաշտից հեռացրել է ոչ ավել, ոչ պակաս 10 ֆուտբոլիստի:
Հանդիպման հիմնական ժամանակում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1, Ֆակունդո Տեխոն մեկական խաղացող է հեռացրել թիմերից։ Մրցավարի կողմից պատրաստված «դեսերտը խաղացողներին մատուցվել է» հանդիպման վերջին րոպեներին, երբ նա մեկը մյուս հետևից 6 կարմիր քարտ է ցույց տվել «Բոկա Խունիորսի», երկու՝ «Ռասինգի» ֆուտբոլիստներին։ Դրանից հետո խաղն ավարտվել է: Արգենտինայի չեմպիոնների այս տարվա գավաթը նվաճել է «Ռասինգը», որը լրացուցիչ ժամանակում հաղթել է 2:1 հաշվով:
Հիշեցնենք, որ Քաթարում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: