A
A
Հայաստանը 31 հոգով կմասնակցի շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 6-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կմեկնարկի շախմատի Եվրոպայի 2022թ պատանեկան առաջնությունը, որին կմասնակցեն Հայաստանի 31 շախմատիստ-շախմատիստուհի։ Նրանց թվում է նաև աշխարհի Մ-18 տարեկանների աշխարհի չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր պատանի շախմատիստներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում, որի ընթացքում նրանց համար կազմակերպվել է նաև շախմատի կանոնների վերաբերյալ հատուկ սեմինար-դասընթաց։ Այն վարել է ՖԻԴԵ-ի միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը։
Հավելենք, որ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով։ Տարբեր տարիքային խմբերի հաղթողները հայտնի կդառնան նոյեմբերի 14-ին։