Կարեւորը բանակի մեծությունը չէ, այլ զինվորի պատրաստվածության աստիճանը․ Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար
Աջակցիր «Ա1+»-ին«Վարդերի հեղափոխությունից հետո մեր բանակում կոռուպցիան վերացել է։ Եթե այսօր կարող եք լսել առանձին դեպքերի մասին ոստիկանական ծառայություններում, ապա բանակի մասին, զինվորականների մասին հաստատապես չեք լսի։ Որևէ մեկն անգամ չի կարող մանիպուլացնել այդ թեման։ Մենք կարողացել ենք բանակում կոռուպցիան վերացնել»,- ասում է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելիին, որը պաշտոնավարել է 2015-16 թվականներին։
Նա շարունակում է․ «Վերացրել ենք նաև խոշտանգումները։ Ի դեպ, երբ ես դեռ իրավապաշտպան էի, զինվորականների խոշտանգումների խնդիրներով էի զբաղվում։ Հիմա դա մեր բանակի պատմության արդեն փակված էջ է։ Իհարկե չի նշանակում, որ այլևս չկան խնդիրներ։ Միանշանակ է այն, որ բանակի ռեֆորմը ստացվեց և այդ ինստիտուտը ձևավորվել է»։
Թինա Խիդաշելիի հրամանով 2016–ի հունիսից Վրաստանի ԶՈւ պարտադիր զինվորական ծառայությունը հանվեց: Հրամանը չէր վերաբերում ՆԳՆ և այլ ուժային կառույցների զորակոչերին։ Զինվորական պարտադիր ծառայության դեմ Խիդաշելիի գլխավոր փաստարկներից էր անհրաժեշտ մարտական պատրաստության բացակայությունը և զորակոչիկների ծառայության ստրկային պայմանները:
Ինչպիսին պետք է լինի փոքր երկրի բանակը՝ հարցին՝ նախկին նախարարը պատասխանում է․ « Կարող եմ Վրաստանի օրինակի վրա ասել։ Մենք փոքր երկիր ենք, սակայն ապրում ենք մի տարածաշրջանում, որ չենք կարող որպես չեզոք երկիր հանդես գալ, որպիսին ասենք Ավստրիան է։ Հիշենք, որ նա Գերմանիայի դաշնակիցն էր, սակայն երկրորդ համաշխարհայինից հետո դարձավ չեզոք երկիր։ Մենք չենք կարող, դուք չեք կարող, քանի որ «հարևաններ» ունենք, որոնք չեն ընդունի մեր չեզոքությունը։ Այսինքն մեզ պետք է բանակ։ Հիմա հարց, ինչպիսի բանակ։ Եթե համեմատություն անենք, հայկական բանակը վրացականից երեք անգամ մեծ էր։ Սակայն, ի վերջո, ինչպիսի բանակ է պետք է ունենա փոքր երկիրը։ Կարծիքները կարող են տարբեր լինել։ Ես միանշանակ դեմ եմ մեծաքանակ բանակի սկզբունքին։ Եթե քո թշնամի երկիրը միլիոնանոց բանակ ունի, քոնը երեսուն, թե վաթսուն հազարանոց կլինի, արդեն կարևոր չէ։ Կարևոր է քո զինվորի պատրաստվածության աստիճանը, սպայական կազմի պրոֆեսիոնալիզմը»։
Պաշտպանության նախկին նախարարը վստահ է, որ փոքր երկիրը պետք է ունենա փոքր՝ 30-40 հազարանոց, բայց պրոֆեսիոնալ, մոբիլ բանակ և մեծ պրոֆեսիոնալ ռեզերվ։ Պետք է զինված լինի վերջին սերնդի ժամանակակից զենքով, ունենա օգտավետ ՀՕՊ համակարգ և տեխնիկա։
«Բացի դրանից, եթե Աստված չարասցե, սկսվի պատերազմ, յուրաքանչյուրը, պետք է նախապես իմանա իր անելիքը։ Այսինքն, եթե օրինակ ավտոբուսի վարորդ ես, ապրում ես քո կենցաղով, բայց երբ հայտարարվում է պատերազմ, գիտես, թե երբ ու որտեղ պետք է մեկնես, ասենք տեղափոխելու մարդկանց կամ զինվորներին։ Կամ, եթե վիրաբույժ ես, պետք է իմանաս որ զորամաս պետք է մեկնես»,-ասում է նա։
Թինա Խիդաշելիի խոսքով, բարձրագույն աստիճանի կազմակերպված ռեժիմ պետք է լինի յուրաքանչյուր բնակչի համար։
«Գիտեք, մինչև ռուս–ուկրաինական պատերազմը, մենք անընդհատ Ռուսաստանի կողմից հարձակման մեծ վտանգի առջև էինք կանգնած և թե ինչ կլինի հետո, որևէ մեկը երաշխավորել չի կարող»,– զրույցը եզրափակեց տիկին Խիդաշելին։
Ավելացնենք, որ Թինա Խիդաշելիի հետ հանդիպումը կազմակերպվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ՝ Հակամարտությունների թեմայով Վրաստանում կայացած լրագրողական շրջայցի շրջանակներում։