Լևոն Արոնյանը չի հաղթում 9 անընդմեջ պարտիաներում. շախմատի ԱՄՆ առաջնություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի նախկին առաջատար Լևոն Արոնյանն ոչ մի կերպ չի կարողանում հաղթանակ տոնել ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում, որին նա մասնակցում է առաջին անգամ: Հերթական` 9-րդ տուրում, մեր հայրենակիցը սևերով ոչ-ոքի խաղաց Ջեֆրի Սյոնի հետ: Այդպիսով, նա մնում է մրցաշարի միակ մասնակիցը, որը դեռևս չի ճաշակել հաղթանակի բերկրանքը:
Լևոն Արոնյանը վաստակել է 3,5 միավոր և առայժմ բաժանում է 11-13-րդ տեղերը: Աղյուսակը շարունակում է գլխավորել իտալացի Ֆաբիանո Կարուանան, որն իր ակտիվում ունի 6,5 միավոր: Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը 5 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը:
Այսօր կայանալիք 10-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Վեսլի Սոյի հետ, որը 4 միավոր ունի: Սամուել Սևյանի մրցակիցը Ռեյ Ռոբսոնն է, որը երկրորդն է 6 միավորով:
ԱՄՆ-ի կանանց շախմատի առաջնությանը մասնակցող Տաթև Աբրահամյանը վաստակած 4 միավորով բաժանում է 8-10-րդ տեղերը: Նա այսօր կհանդիպի ետնապահներից մեկի` Սոֆի Մորիս-Սուզուկիի հետ: Այստեղ աղյուսակը գլխավորում է Ջենիֆեր Լին, որը վաստակել է 6,5 միավոր: