Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+melikyan
A A
Սպորտ

Մեկ ամիս հետո «Փյունիկը» ավելի մարտունակ թիմ կլինի. Եղիշե Մելիքյան

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Փյունիկն» այսօր իր իր նորամուտը կնշի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում: Մեր թիմը մեկնարկային խաղում կհանդիպի Շվեյցարիայի «Բազելի» հետ:

 

Խաղից առաջ «Ա1+»-ը զրուցել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ:

 

- Պարոն Մելիքյան, այսօր ձեր թիմն կանցկացնի առաջին հանդիպումը Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլում, որը բնականաբար տարբերվում է նախնական փուլերի խաղերից: Անձամբ ձեզ համար ինչ նշանակություն ունի այդ փաստը:

 

- Սա նախևառաջ մեծ փորձ ձեռքբերելու լավ հնարավորություն է: Բացի այդ, մենք ցանկանում ենք ապացուցել, որ կարող ենք հանդես գալ նաև նման մակարդակում և հասնել արդյունքի:

 

- Որ արդյունքը ձեզ կբավարարի այս մրցաշարում:

 

- Մեր թիմի առաջ միշտ բարձր խնդիրներ են դրված ղեկավարության կողմից: Հայաստանի առաջնությունում դա չեմպիոն դառնալն է: Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում մենք պայքարելու ենք փլեյ-օֆֆ մտնելու համար: Դրա համար պետք է զբաղեցնել առաջին երկու տեղերից մեկը:

 

- Առաջին խաղն անցկացնում եք մրցակցի հարկի տակ: Դա լավ է, թե վատ ձեր համար:

 

- Անկեղծ ասաց այդ մասին չեմ մտածել: Իհարկե, լավ կլիներ մեկնարկել սեփական հարկի տակ, երկրպագուների աջակցությամբ, բայց իմ համար դա այնքան էլ կարևոր հարց չէ: Գլխավորն այն է, որ կարողանանք բոլոր խաղերում ցուցադրել մեր առավելագույնը:

 

- Ինչպիսին եք համարում վիճակահանության արդյունքները:

 

- Դժվար խմբում ենք հայտնվել, բայց հնարավորություն ունենք պայքարելու ուղեգրերի համար: Կան էլ ավելի դժվար խմբեր, որտեղ պարզապես անիմաստ կլիներ մտածել հաջորդ փուլ մտնելու մասին:

 

- Ինչ կասեք այսօրվա մրցակցի` «Բազելի» մասին:

 

- Լավ ուսումնասիրել են մրցակցին, գիտենք նրա թույլ և ուժեղ կողմերը, սակայն չէի ցանկանա խաղից առաջ ավելի մանրամասը խոսել դրանց մասին:

 

- Կարելի է ասել, որ «Փյունիկի» առաջիկա բոլոր մրցակիցներն էլ ֆիզիկապես լավ պատրաստված թիմեր են:

 

- Չէի ասի, որ դրանք միայն ֆիզիկապես են լավ պատրաստված: Բոլորն էլ, անգամ «Ժալգիրիսը», տակտիկապես գրագատետ են խաղում, բոլորն էլ կամային հատկանիշներ ունեն, ուստի մեզ սպասվում են շատ բարդ խաղեր: Սակայն մենք էլ պատրաստ ենք բոլոր առումներով, թե ֆիզիկապես, թե տակտիկապես, թե հոգեբանորեն: Միայն խաղերը ցույց կտան, թե որ թիմերն են ավելի լավ պատրաստ ընթացիկ մրցաշարին:

 

- Արդյոք խնդիրներ ունեք առաջին խաղից առաջ:

 

- Մեր խնդիրն այն է, որ թիմից շատ ֆուտբոլիստներ են հեռացել, իսկ նրանց տեղը նորերն են եկել: Մենք այժմ նոր թիմ ենք ստեղծում: Խաղերի խիտ լինելու պատճառով ժամանակ չենք ունեցել ավելի հղկելու մեր խաղաոճը, ուժեղացնելու ֆուտբոլիստների խաղակվածությունը: Սակայն համոզված եմ, որ մեկ ամիս հետո «Փյունիկն» ավելի մարտունակ թիմ է լինելու, քան հիմա է:

 

Նշենք, որ «Բազել» - «Փյունիկ» հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: