Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol 30.08.
A A
Սպորտ

«Ալաշկերտը» դեռևս անպարտելի է. Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգա

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում կայացան 5-րդ տուրի հանդիպումները:

Մրցաշարում պարտություն չի կրել միայն Երևանի «Ալաշկերտը», որն ընթացիկ խաղում կամային հաղթանակ է տարել ԲԿՄԱ-ի նկատմամբ՝ 4:2: Ալաշկերտցիները վաստակել են 13 միավոր և միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Իսկ ահա առաջնությունը երեք արտագնա հաղթանակներով մեկնարկած Չարենցավանի «Վանը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջել է «Արարատին» և կրել իր առաջին պարտությունը: Չարենցավանցի ֆուտբոլիստները 10 միավորով գտնվում են 2-րդ հորիզոնականում:

Մրցանակային եռյակը եզրափակում է Երևանի «Ուրարտուն», որն այս տուրում սեփական դաշտում անսպասելի զիջել է առաջնության նորեկ «Լեռնային Արցախին»՝ 2:3, ընդ որում տանտերերը երկու անգամ գրավել են սեփական դարպասը:

Այնուհետև հաջորդում են 7-ական միավոր վաստակած «Արարատ-Արմենիան», «Լեռնային Արցախը» և «Արարատը»: Առաջինն այս տուրում սեփական դաշտում 3:0 հաշվով վստահ հաղթել է մրցաշարի մյուս նորեկ Գյումրիի «Շիրակին»:

Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը» իր հարկի տակ նույնպես երեք անպատասխան գնդակ է խփել «Նոային», սակայն վաստակել է 6 միավոր և այժմ ընթանում է 7-րդ հորիզոնականում:

Հինգ տուրից հետո հաղթանակ չեն տոնել միայն երկու թիմ՝ ԲԿՄԱ-ն ու «Նոան», որոնք վաստակել են համապատասխանաբար 3 և 1 միավոր: Նրանցից մեկ աստիճան բարձր է գտնվում «Շիրակը», որն ունի 4 միավոր:

Առաջնության 6-րդ տուրը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին: Այդ օրը «Ալաշկերտը» կընդունի «Շիրակին», իսկ «Վանը»՝ «Արարատ-Արմենիային»: Սեպտեմբերի 3-ին կկայանան «Նոա» - «Արարատ» և «Լեռնային Արցախ» - «Փյունիկ» հանդիպումները: Տուրը կավարտվի ԲԿՄԱ - «Ուրարտու» խաղով, սեպտեմբերի 4-ին