Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչո˚ւ են առաջին հայացքից հարթ ու երթևեկելի փողոցները քանդվում ու նորից ասֆալտապատվում (տեսանյութ)

«Մոնթե Մելքոնյան փողոցում մեքենայից չերևացող փոսերը, վնասված ու ճաքճքած ասֆալտը ջերմաստիճանի կտրուկ նվազումից լուրջ խնդիր են դառնում»,-ասում են մասնագետները:

Հենց դրա համար էլ ճանապարհի առաջին գոտիներն ամբողջությամբ նորոգվում են: Տեղ-տեղ փոսային նորոգումն այստեղ խնդրի լուծում չէր:

«Երթևեկելիս ցանցաձև ճաքերը նկատելի չեն վարորդին: Այս ճանապարհը կառուցումից հետո չի հիմնանորոգվել: Ցուրտ եղանակին ասֆալտը միանգամից ուռչում է և պայթում: Հնարավոր է նաև ջուրն անցնի տակը, և այդ դեպքում արդեն հիմքից պետք է փոխվի ամենը»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը:

2022թ.-ին Երևանում կնորոգվի 342 հազ. 496 քմ ճանապարհահատված, որից շուրջ 298 հազ. քմ-ը հիմնանորոգման ծրագրով է արվելու, փոսային նորոգումների ծավալը 24 հազ. քմ է: Աշխատանքների մոտ 50 տոկոսն արդեն կատարվել է՝ փողոցներ, մայթեր ու բակեր: «Ի տարբերություն անցյալ տարվա՝ այս տարի մոտ 30% ավելի քիչ հատկացում ենք ունեցել ասֆալտապատման համար: Կան հատվածներ, որոնք պետք է հիմնանորոգվեն, և եթե հիմա մենք դրանք նորոգենք փոսային տարբերակով, դա միջոցի վատնում կլինի»,-նշում է Խորեն Գրիգորյանը:

Բնակչությանը հնարավորինս քիչ անհարմարություն պատճառելու համար կենտրոնական փողոցներում ճանապարհաշինարարները գործի են անցնում գիշերն ու լուսադեմին, երբ քաղաքը դեռ քնած է ու երթևեկությունն էլ՝ քիչ: Աշխատանքներն իրականացվում են 2 փուլով: Նախ կտրվում ու դուրս է բերվում ասֆալտի վնասված շերտը: Հետո արդեն տարածքը մաքրվում, մշակվում ու պատրաստվում է ասֆալտապատման: Այս ամենի համար քաղաքապետարանը շինարարին հիմնականում մեկ օր է տալիս: «Մենք մեկ օր ունենք: Բայց երբեմն անձրևներն են խանգարում: Որոշ հատվածներում քաղաքացիների բողոքը կարող է տեղին լինել, որովհետև լինում են դեպքեր, երբ շինարարը ոչ ճիշտ նյութ է տեղադրում, ասֆալտապատումը կատարում է նորմերին ոչ համապատասխան: Եղել են տեղամասեր, որտեղ քանդել ենք տվել արվածը, և այն նորից նորոգվել է»,- ընդգծում է Խորեն Գրիգորյանը:

Նորոգված ճանապարհները հաջորդ տարի կրկին չնորոգելու համար էլ հիմա տեղում խստորեն վերահսկվում է աշխատանքը, առաջնահերթորեն՝ ասֆալտի հաստությունն ու որակը:

«Ասֆալտը փռում ենք 4-5 սմ հաստությամբ, իսկ այդ պահին ասֆալտի ջերմաստիճան կարող է լինել 120-130 աստիճան, ինչը թույլատրելի է չափանիշներով և ապահովում է լավ արդյունք»,-ասում է շինարարական կազմակերպության գլխավոր ինժեներ Գագիկ Եղիազարյանը:

Հատուկ ուշադրություն է դարձվում նաև շինհրապարակների ձևավորմանը: Տեղում աշխատանքներին ներգրավվում են նաև ՃՈ պարեկային խմբերը: Ճանապարհների նորոգման այս տարվա ծրագրում են նաև հողային պաստառով մի շարք փողոցներ: Մասնավոր տներով կառուցապատված ծայրամասային թաղամասերում կառուցման օրից առաջին անգամ փողոցները կնորոգվեն ու կասֆալտապատվեն:

Ճանապարհների նորոգումը քաղաքային կարևոր ծրագրերից է, որի նպատակը վարորդների ու հետիոտնի անվտանգ ու հարմարավետ երթևեկն ապահովելն է:

Երևանի քաղաքապետարան