«Ղարաբաղցիներ, ինչի՞ եք Ադրբեջանից բողոքում․ ձեր ամենահայրենասերներին նրա КГБ-ն էր պաշտոնի նշանակում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրկրորդ ճակատ բացել ոչ մեկին ձեռնտու չէ։ Այս պարագայում բանակցային ճանապարհը ընդունելի է բոլորի կողմից։ Մենք 1994-ից հետո անընդհատ ասում ենք՝ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է։ Այսպես արձագանքեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։
Ըստ քաղաքագետի՝ քանի որ աշխարհակարգ է փոխվում՝ մեր շահերից է բխում բանակցելը։ Էդվարդ Անտինյանի խոսքով՝ Ադրբեջանը չի ցանկանում պատերազմել, այլ ցանկանում է վախեցնել և մեզ զիջումներ պարտադրել։
Ըստ փորձագետի՝ ՌԴ-ն այս իրավիճակում չի ցանկանում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործի և դրանով ցույց է տալիս, որ իր ազդեցությունը չի թուլացել տարածաշրջանում։
Անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին՝ քաղաքագետը նշեց, որ համանախագահները հայտարարել են, որ այն լուծված չէ։
Դիտարկմանը՝ Արցախում և ՀՀ սահմաններին Ադրբեջանը սադրանքների է գնում, և այստեղ հարց է առաջանում՝ ի վերջո՝ Ռուսաստանը կզսպի՞ Ադրբեջանին, Էդվարդ Անտինյանը պատասխանեց, որ ՌԴ-ն չի գնա ինքնասպանության։
«Ամեն մեկս անելիք ունենք, մանավանդ, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանը հարձակվում է դրսից, և մենք ունենք ընդդիմություն, որն էլ հարձակվում է ներսից։ Մենք միշտ պետք է իմանանք, որ ներսում ունենք Ադրբեջանի ազգային անվտանգության կողմից, որը խորհրդային միության ժամանակ КГБ-ն էր, ընտրյալ չինովնիկներ։ Հայկական հետքը վերացնելու համար ընտրել են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որոնք ՀՀ նախագահ են աշխատել 10 տարի»,- նման կերպ արձագանքեց քաղաքագետը հարցին՝ արդյո՞ք ՌԴ-ն թույլ կտա Հայաստանին Արևմուտքի կողմը գնալ։
Նա հավելեց․ «Եթե այդ մարդիկ ընտրվել են Ադրբեջանի КГБ-ի կողմից, որ լինեն կուսակցական ֆունկցիոներ, Ադրբեջանը էտենց հայրենասեր մարդկանց էր դնում կուսակցական ֆունկցիոներ, հարգելի ղարաբաղցիները, բա ինչի՞ եք Ադրբեջանից բողոքում։ Դուք ընդհանրապես 88 թվականի շարժումը ինչի՞ սկսեցիք, եթե ձեր մեջի ամենահայրենասերներից КГБ-ն վերցնում էր Ադրբեջան ու պաշտոնի նշանակում»,- ասաց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։