Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետք է մտածել՝ ոչ թե ով է այսօր կանգնած Արցախում, այլ ով է կանգնած լինելու վաղը. Խզմալյանը՝ Խամոյանին (տեսանյութ)

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստին հրավիրված էր նաև «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը, ով առաջարկով դիմեց հանձնաժողովին։ Նա նախ հիշեցրեց վերջերս Եվրախորհրդարանում Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցով բանաձևի ընդունման մասին։ Խզմալյանն ընդգծեց՝ դա վկայում է այն մասին, որ Արցախյան հիմնախնդիրը մնում է միջազգային և հատկապես եվրոպական ատյանների ուշադրության կենտրոնում։

«Կուզեի առաջարկել պատրաստել ԱԺ-ում բանաձև, առաջարկ, կոչ, պահանջ՝ Եվրախորհրդին ուղղված, որպեսզի որևէ քաղաքական, դիվանագիտական, առավել ևս տնտեսական պայմանագիր Ադրբեջանի հետ չկնքվի, մինչև որ ազատ չարձակվեն հայ ռազմագերիները, մինչև որ չհարգվեն և չպաշտպանվեն արցախահայության ինչպես ազգային ինքնորոշման, այնպես էլ մարդու իրավունքների սկզբունքները»։

Տիգրան Խզմալյանը նշեց, որ այդ բանաձի ընդունումը հատկապես կարևոր է լինելու արագ փոփոխվող իրավիճակում։

«Երբ մեր, այսպես կոչված, «ռազմավարական դաշնակիցը» իր մոտալուտ պարտության ենթատեքստում հնարավոր է, որ դուրս բերի զորքը Արցախի զավթված տարածքներից, այս նախաձեռնությունը լավ նախապատրաստական դեր կունենա»,-ընդգծեց Եվրոպական կուսակցության ղեկավարը։

Խզմալյանին նիստի ժամանակ հիշեցրեցին Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից վավերացված բանաձևը, որով կոչ էր արվում որևէ հարաբերություն չհաստատել Ադրբեջանի հետ մինչև որ չվերադարձվեն գերիները։

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին առաջարկ արվեց, խորհրդարանական բոլոր բարեկամական խմբերին համապատասխան նամակ ուղարկել։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանին, սակայն,  դուր չէին եկել Տիգրան Խզմալյանի ձևակերպումները՝ ուղղված ռազմավարական դաշնակցին։ Նա նկատեց՝ մի բան է, երբ Խզմալյանը նման հրապարակումներ է անում իր էջում, լրիվ այլ է, երբ դա ասվում է հանձնաժողովի նիստին։ Խամոյանը հիշեցրեց, որ հիմա Արցախում թեկուզ և փխրուն անվտանգությունը ապահովում են ռուս սահմանապահները։

«Եվրոպական կուսակցության» ղեկավար Տիգրան Խզմալյանը Խամոյանին հակադարձեց այսպես․ «Պետք է մտածել ոչ միայն թե ով է այսօր կանգնած Արցախում, այլ ով է կանգնած լինելու վաղը»։