Բացել լրահոսը Փակել լրահոսը
275673406_325099252986842_8156739338122194891_n
A A
Պաշտոնական

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցերին և կարևորել ռազմավարական երկխոսության շարունակականության ապահովումը՝ տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության զարգացման ու ամրապնդման նպատակով: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին՝ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանին հետևողական աջակցություն ցուցաբերելու համար  և ընդգծել, որ ժողովրդավարության հետագա ամրապնդումը ՀՀ կառավարության բացարձակ առաջնահերթությունն է և մեր երկիրը հաստատակամորեն շարունակելու է շարժվել այդ ուղղությամբ:   

 Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը:  

 ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:  

 Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակին:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

 

ԱՄՆ պետքարտուղարություն  Մամուլի խոսնակի գրասենյակի հաղորդագրությունը
 
Պետքարտուղար Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյան հետ
Մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտնում է հետևյալը․
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարն ընդգծել է հայ-ամերիկյան շարունակական փոխգործակցության կարևորությունը և Միացյալ Նահանգների հանձնառությունը` խթանելու խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագա Հարավային Կովկասում։
 
Անդրադառնալով հայկական և ադրբեջանական ուժերի միջև էսկալացիային առնչվող վերջին հաղորդումներին՝ Պետքարտուղարը կոչ է արել, որ կողմերը հանդես բերեն զսպվածություն և առավել ինտենսիվ աշխատեն դիվանագիտական տիրույթում՝ գտնելու համապարփակ լուծումներ բոլոր չկարգավորված խնդիրների համար։ Պետքարտուղարը հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում։
 
Պետքարտուղարը ընդգծել է Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հանձնառությունը՝ միջոցներ կիրառելու Մոսկվայի ու նրա աջակիցների, այդ թվում՝ Լուկաշենկոյի ռեժիմի հանդեպ, Ուկրաինայի դեմ Կրեմլի կողմից սանձազերծած անխոհեմ ու ոչնչով չհրահրված պատերազմի համար։