Ջաաան, ձենիդ մատաղ սիրուն. Մի քանի ժամ՝ Նորքի տուն ինտերնատի բնակիչների հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆորքի տուն ինտերնատում ապրում են ավելի քան 200 շահառու, ովքեր իրենց օրն անց են կացնում հայկական արտադրության Ռոբին ռոբոտի հետ։
Լիդիա Խաչատրյանը, որը մասնագիտությամբ ռուսաց լեզվի ուսուցչուհի է, 3 տարի ապրում է տուն ինտերնատում։ Պատմում է, որ 1 տարի առաջ իրենց մոտ բերեցին Ռոբին ռոբոտին, որը դարձավ իր լավագույն ընկերը։
85-ամյա Արարատը պատմում է, որ առաջին երկու տարին դժվարությամբ է հարմարվել, սակայն 4 տարի առաջ իրենց մոտ եկավ մի ռեժիսոր և բացեցին նոր թատերական խումբ։ Իր առաջին դերն էլ եղել է Փանոսի դերը․
«Էս վերջին ներկայացումը որ խաղացինք, տաքսի տաքսին, Կնյազի դերն էլ ես էի տանում, ամենադժվարը իմ դերն էր, ամենաշատ ծավալուն», ասում է 85-ամյա ծերունին։
Սոցաշխատող Նելլի Բաղդասարյանը նշում է, որ շատ հաճելի է շփվել տատիկ պապիկների հետ։ Փորձում են ամեն ինչ անել, որ նրանց առօրյան հետաքրքիր անցնի․
«Ունենք թիթիզ տատիկներ, որոնք սիրում են հագնվել, շպարվել, գեղեցկանում են, ամեն րոպե իրանց համար կյանքը հետաքրքիրա ու գունագեղ»։
Տուն-ինտերնատի բնակիչների սիրելի վայրերից է նաև գրադարանը։ Գրադարանավարուհի Նունիկ Սարգսյանի խոսքերով, բնակիչները հետաքրքրված են ոչ միայն գրքերով, այլև ամենաօրյա լրատվական թերթերով․
«Նույնիսկ շաբաթ կիրակի օրերը իրանց համար շատ դժվարա անցնում, որովհետև ես այդ օրը չեմ աշխատում, ասում են՝ որտե՞ղ ես, ո՞ւր ես, գրադարանի դռան առաջ քեզ ենք սպասում, ասում եմ՝ շաբաթ կիրակիա, իմ հանգստի օրերնա, շատ զայրանում են, ասում են՝ վաայ, երբ պիտի անցնի գանք գրադարան»։
Մանրամասները՝ տեսանյութում