Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess rapid 1
A A
Սպորտ

Արագ շախմատը աշխարհի նոր չեմպիոն ունի. հայ շախմատիստները դրամական պարգև են ստացել

Վարշավայում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը:

 

Չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուսատորովը, որը թայ-բրեյքում հաղթեց ռուսաստանցի Յան-Նեպոմնյաշչուն` 1,5:0,5: Նույնքան` 9,5 միավոր վաստակած Մագնուս Կառլսենն ու Ֆաբիանո Կարուանան լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրին 3-4-րդ տեղերը:

 

Հայաստանի շախմատիստներից համեմատաբար հաջող հանդես եկան գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հայկ Մ. Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը, որոնք 13 հնարավորից վաստակեցին 8-ական միավոր և բաժանեցին 20-38-րդ տեղերը: Նրանք կստանան դրամական պարգև` մոտ 1600 դոլարի չափով:

 

Մեր մյուս 5 շախմատիստներից Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեց 7,5, Սերգեյ Մովսեսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը` 6,5-ական, Հովհաննես Գաբուզյանը` 5 միավոր: ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը միայն կես միավորով ետ մնաց առաջատար քառյակից և գրավեց 6-րդ տեղը:

 

Կանանց առաջնությունում 9 միավորով առաջին տեղը գրավեց և աշխարհի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը: Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը 11 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և զբաղեցրեց 28-րդ տեղը: Մեր երկրորդ մասնակից Սուսաննա Գաբոյանը 3,5 միավորով մրցաշարն ավարտեց 96-րդ հորիզոնականում:

 

Այսօր կմեկնարկեն կայծակնային շախմատի` բլիցի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները: