Այնպես չանենք, որ վաղը Ադրբեջանը հայկական մետաղաձուլության ակունքներն իրենով անի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄեծամորը հին աշխարհի զարդն էր, Արևելքի ամենախոշոր մետաղաձուլական կենտրոնը, որտեղ զենք ու զինամթերք են պատրաստել և այն ժամանակների մեծ տերությունների՝ Բաբելոնի, Ասորեստանի, Խեթական պետության ու Եգիպտոսի առաջնորդները, հաշվի են նստել Մեծամորի տիրակալների հետ, ու գալուց ընծա էին բերում իրենց երկրների խորհրդանիշները՝ կնիքներն ու առաջնորդների անունները կրող տարատեսակ բարձրարվեստ առարկաներ։
Եզակի հնագիտական հուշարձանի՝ Մեծամորի պեղման և ուսումնասիրման գործում իր մեծ ավանդն ունի վաստակավոր երկրաբան Կորյուն Մկրտչյանը, ով հետազոտություններ կատարեց հնավայրի տարածքում և առաջ քաշեց լեռնամետաղաձուլական կենտրոնի մասին վարկածը։ Հենց այս նախնական հետազոտությունները հիմք հանդիսացան հնագիտական արշավախումբ ստեղծելու և պեղումներ իրականացնելու համար։ Հնագույն բնակավայրի անունը պայմանականորեն անվանեցին բլրի ստորոտով հոսող գետի՝ Արաքսի վտակ Մեծամորի անունով։
Մեծամորի հնագիտական շերտերը փաստում են, որ այն որպես բնակավայր ձևավորվել է դեռևս էնեոլիթյոն փուլում՝ մ․թ․ա․ 5-րդ հազարամյակում և գոյատևել մինչև ուշ միջնադար։
Դարերից եկած պատմություն ու պատմական հիշողություն ունեցող ժողովրդի համար իր պատմամշակութային ժառանգությունը բացարձակ արժեք է։ Պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող Մեծամոր հնավայրի պահպանության և հանրահռչակման նպատակով 1970 թվականին հիմնադրվեց թանգարան, որի տնօրենը դարձավ Կորյուն Մկրտչյանը և ում անունով հետագայում անվանակոչվեց թանգարանը։
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հավաքածուն ձևավորվել է 1965-ից մինչ այսօր շարունակվող պեղումների արդյունքում, ներառում է 27697 միավոր, իսկ հնագիտական ոսկու ֆոնդը, համարվում է Հայաստանի ամենամեծ հավաքածուներից մեկը։ Թանկարժեք քարերից և ազնիվ մետաղներից պատրաստված իրերը՝ զարդակոճակներ, վզնոցներ, ճարմանդներ, ոսկու թիթեղից պատրաստված կախիկներ, ագաթից, սարդիոնից ու սաթից պատրաստված զարդերն ու առարկաները ցուցադրվում են ստորգետնյա հատուկ զետեղարանում։
Մկրտչյան ընտանիքի ջանքերով հրատարակվել է Կորյուն Մկրտչյանի «Մեծամոր․Մետաղաձուլության ակունքները․ հազարամյակների խորքից» աշխատությունը։
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում անցկացվեց «Մեծամորյան ընթերցումներ-2» խորագիրը կրող գիտաժողով և բացվեց «Մեծամորի ոսկին» խորագրով ցուցահանդես։