Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանն այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենք (տեսանյութ)

Երևանում տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է թատրոնի նոր շենք, շրջայց կատարել, ծանոթացել ստեղծված պայմաններին։

 

Իսահակ Ներսիսյանի նախագծով 2019 թվականին մեկնարկած թատրոնի նոր շենքի շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի և բարերարների միջոցներով: ՀՀ պետական բյուջեից Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման, նորոգման և գույքով համալրման նպատակով հատկացվել է ավելի քան 275 մլն դրամ, որից 205 մլն դրամը գույքի և սարքավորման ձեռքբերման, իսկ 70 մլնը` շինարարության համար:

 

Թատրոնն ապահովված է նոր բեմով, ժամանակակից լուսային ու ձայնային համակարգերով, տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություններով, հանդերձարաններով և դիմահարդարման սենյակներով։ Առաջին հարկում գործում է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայվել է մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։

 

2026 թվականին լրանում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հիմնադրման 35-ամյակը: Թատրոնը մինչ այս առանձին շենք չի ունեցել և գործել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում:

 

Թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվել է Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ։