Գուցե ինչ-որ մեկը կատակել է. առանց հիմքերի չզրպարտել պետական գերատեսչությանը. ԱՆ պարզաբանումը
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարությունից հայտնում են․
«Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Վահան Հովհաննիսյանի գրառմանը, թե առողջապահության նախարարությունը սխալ «հասցեով» քովիդ դրական թեստերի պատասխան է տրամադրել օգտատիրոջը, ինչն էլ դառնում է վարակի թվերի ձևափոխման պատճառ, պաշտոնապես տեղեկացնում ենք` Ձեր սքրինշոթում նշված հեռախոսահամարը չի պատկանում մեր համակարգին: Մեր կողմից ուղարկված հաղորդագրություններում, որպես հաղորդագրության ուղարկող, նշվում է ՀՀ ԱՆ-ն։
Այս պարագայում, համաձայն սքրինշոթի, նշված է այլ հեռախոսահամար: Գուցե ինչ-որ մեկը կատակել է. նաև խորհուրդ ենք տալիս առանց հիմքերի չզրպարտել պետական գերատեսչությանը։
Հարգելի՛ Վահան, տեղեկացնենք նաև, որ քովիդ դրական թեստի պատասխանի առկայության դեպքում հաղորդագրությունն ուղարկվում է ավտոմատ կերպով` Արմեդ համակարգից՝ նմուշառման ժամանակ տրամադրված հեռախոսահամարին»։
Նշենք, որ ավելի վաղ փաստաբան Վահան Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր․
«Այսօր Առողջապահության նախարարությունից հաղորդագրություն եմ ստացել, որ իմ կովիդ թեստի արդյունքը դրական է։ Ամեն ինչ իդեալական կլիներ, եթե չլիներ այն հանգամանքը, որ ես թեստ չեմ հանձնել։ Հետո ասում եք, ինչպես է իշխանությունը ձևափոխում վարակի թվերը։ Սպասում եմ պաշտոնական պատասխանի»։