Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆավորիտը Գերմանիան է

Սպորտ

«Ա1+»-ի կայքում ընթացող հարցմանը (ո՞ր երկրի հավաքականը կդառնա ֆուտբոլի 2010 թ աշխարհի չեմպիոն) մասնակցած մեր ընթերցողների մեծ մասը` 56,2 %-ը, կիսաեզրափակիչից առաջ նախապատվությունը տալիս է Գերմանիայի հավաքականին: Իսկ 24,4 %-ը գտնում է, որ աշխարհի չեմպիոնի կոչումը կնվաճի Իսպանիայի ընտրանին: Ի դեպ, կիսաեզրափակիչում այս հավաքականները հանդիպելու են հենց իրար հետ, ուստի առաջնորդվելով մեր հարցման արդյունքներով կարելի է եզրակացնել, որ այդ զույգի հաղթողը ի վերջո կհաղթի նաեւ առաջնությունում: Հոլանդիայի հավաքականի օգտին քվեարկել են մասնակիցների 14,2 %-ը, Ուրուգվայի` 5,1 %-ը:

Հավելենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ խաղերից առաջ մեր ընթերցողներն ավելի շատ հավատում էին Արգենտինայի հավաքականին` 39,4 %, ապա նոր Գերմանիային` 20,1 %: Բրազիլիայի ընտրանուն ձայն էին տվել 15,7 %-ը: Ուստի, ըստ մեր ընթերցողների, արգենտինացիների եւ բրազիլացիների պարտությունները 1/4 եզրափակիչում մեծ անակնկալներ էին:

Արդյոք կշարունակվեն այդ անակնկալները, պարզ կդառնա հուլիսի 6-ին եւ 7-ին կայանալիք կիսաեզրափակիչ խաղերից հետո: Առաջինը կմրցեն Հոլանդիան ու Ուրուգվայը, իսկ 24 ժամ հետո` Գերմանիան ու Իսպանիան: