Էլինա Դանիելյանը հաղթեց
Աջակցիր «Ա1+»-ինՋերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի մրցաշարում այսօր տեղի ունեցան 9-րդ տուրի պարտիաները:
Մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սեւերով ոչ-ոքի խաղաց շվեդուհի Պիա Կրամլինգի հետ, իսկ ահա Էլինա Դանիելյանը նույն խաղաքարերով, բավականին լարված պայքարում (պարտիան ավարտվեց 63-րդ քայլին) հաղթեց Բայա Կովանովային (Ռուսաստան):
Ինը տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը 5,5 միավորով միայնակ զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ Էլինա Դանիելյանը 5-ով բաժանում է 4-6-րդ տեղերը:
Աղյուսակը շարունակում է գլխավորել Նանա Ձագնիձեն (Վրաստան), որն այս տուրում գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց Շեն Յանի (Չինաստան) հետ եւ վաստակեց 8 միավոր: Երկրորդ տեղում գտնվող ռուսաստանցի Տատյանա Կոսինցեւան իր ակտիվում ունի 7 միավոր:
Դա նշանակում է, որ մեր շախմատիստուհիները հիմնականում կպայքարեն 3-րդ տեղի համար, քանի որ վաստակած միավորներով արդեն բավական զիջում են առաջատարներին:
Նախավերջին 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կհանդիպի Շեն Յանի, իսկ Էլինա Դանիելյանը` Մարթա Ֆիերոյի (Էկվադոր) հետ: