Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ութոտնուկը ընտրեց Իսպանիային

Սպորտ

Գերմանական Օբերհաուզ քաղաքի սրճարաններից մեկում պահվող Պաուլ անունով ութոտնուկը, որը կարելի է ասել դարձել է Գերմանիայի հավաքականի թալիսմանը, քանի որ գուշակել է աշխարհի առաջնությունում թիմի տարած բոլոր հաղթանակները եւ կրած մեկ պարտությունը, Գերմանիա - Իսպանիա կիսաեզրափակիչ խաղից առաջ նախապատվությունը տվել է իսպանացիներին:

Սակայն սրճարանի տերերը հայտարարել են, որ դա փորձնական գուշակություն է եղել, եւ որ երեքշաբթի երեկոյան ութոտնուկը վերջնական կորոշի, թե որ թիմը կհաղթի այդ խաղում:

Հարկ է նշել, որ Պաուլ ութոտնուկը Գերմանիայի հավաքականի հետ կապված խաղերի գուշակությունները կատարում է 2008 թվականի Եվրոպայի առաջնությունից սկսած: Կենդանին այժմ այնպիսի ժողովրդականություն է վայելում ամբողջ Գերմանիայում, որ նրա գուշակություններն ուղիղ եթերով ցուցադրում են հեռուստատեսությամբ, իսկ տեղում հետեւող հանդիսականները ստիպված են վճարել 5 եվրո տոմսի համար:

Նշենք, որ ութոտնուկը գուշակությունը կատարում է սնունդ հայթայթելու ժամանակ: Կենդանուն առաջարկվում է երկու միանման փակ տարաներ, որոնց վրա փակցվում են խաղի մասնակից երկրների դրոշները: Ըստ կազմակերպիչների, խաղում հաղթում է այն երկիրը, որի դրոշով տարան նախընտրում է Պաուլը: