Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Նաղդալյան
A A
Պաշտոնական

Որևէ մեկին իրավունք չի վերապահված պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին․ Ա․Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցին

 

Հարց. Վերջերս թուրքական մամուլում կրկին հայտնվել են տեղեկություններ Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի և ավերման մասին: Բազմաթիվ են նաև քրիստոնեական եկեղեցիների, գերեզմանների ավերումների մասին փաստերը, որոնք Թուրքիայի պատկան մարմինների կողմից որևէ արձագանքի չեն արժանանում: Եվ երկրորդ հարցը, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարին ունեցած ելույթում կրկին անդրադարձել է Հայաստանին՝ «խորհուրդ տալով դաս քաղել»: Խնդրում եմ Ձեր մեկնաբանությունն այս երկու հարցերի առնչությամբ:

Պատասխան. Ծանոթ ենք Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի մասին թուրքական մամուլում հրապարակված տեղեկատվությանը: Մասնավորապես, Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին հանվել է վաճառքի 6 մլն թուրքական լիրայով, իսկ Բուրսայի մյուս հայկական եկեղեցու համար սահմանվել է 6 մլն 300․000 թուրքական լիրա: Բացի այդ, Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերվել է Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։

Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության հետևողական ոչնչացման և դրա ապօրինի յուրացման նոր թափ առած քաղաքականությունը և կոչ անում Թուրքիային լիարժեքորեն կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:

Պատմամշակութային կոթողների նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերող պետության տարածաշրջանային խաղաղության և կայունության համագործակցությանն ուղղված կոչերն առնվազն չեն կարող վստահելի լինել:

Ինչ վերաբերում է «պատմությունից դասեր քաղելու խորհուրդներին», ապա որևէ մեկին իրավունք չի վերապահված սպառնալիքների լեզվով անհարգալից խոսել և պատմության դասեր տալ ցեղասպանություն վերապրած ժողովրդին:

Թուրքիայի իշխանությունները պետք է հստակ գիտակցեն, որ երկխոսության համար անհրաժեշտ է համապատասխան վստահության մթնոլորտ, իսկ հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը միանշանակորեն չի նպաստում այդ մթնոլորտի ձևավորմանը: