Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պորտուգալիան չգթաց ԿԺԴՀ-ին

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 11-րդ օրվա ծրագիրը բացեցին 7-րդ խմբում հանդես եկող Պորտուգալիայի եւ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հավաքականները:

Հանդիպումը կողմերի համար շատ մեծ նշանակություն ուներ, ինչպես մարզական, այնպես էլ ... պատմական առումով: Բանն այն է, որ երկու երկրների թիմերն արդեն հանդիպել էին հեռավոր 1966 թվականին, աշխարհի անգլիական առաջնության 1/4 եզրափակիչում: Այդ խաղը դասվում է ամենադիտարժան հանդիպումների թվին, քանի որ առաջին 30-րդ րոպեներից հետո պորտուգալացիները պարտվելիս են եղել 0:3 հաշվով, սակայն ի վերջո հաղթանակ էին տարել` 5:3:

Կորեացիներն առայսօր գտնում են, որ պորտուգալացիներն այդ խաղում հաղթել են մրցավարի օգնությամբ, որը չնկատելու էր տվել նրանց կոպտությունները, որոնցից մեկի ժամանակ լուրջ վնասվածք էր ստացել դարպասապահը, իսկ այն ժամանակ արգելվում էր անգամ փոխարինել վնասվածք ստացած խաղացողին:

Երկու երկրների հերթական մրցավեճը կիսով չափ դիտարժան ստացվեց: Առաջին խաղակեսն անցավ համարյա հավասար պայքարում եւ ավարտվեց Պորտուգալիայի հավաքականի նվազագույն առավելությամբ` 1:0: Թվում էր, որ ընդմիջումից հետո պայքարն էլ ավելի անզիջում կստացվի: Ավաղ, հյուսիսկորեացիները լիովին ձախոխեցին երկրորդ 45 րոպեն, որի արդյունքում պորտուգալացիները մեկը մյուսի ետեւից 6 անպատասխան գոլեր խփեցին, հաշիվը դարձնելով 7:0: Այդպիսով, գրանցվեց աշխարհի 19-րդ առաջնության առայժմ ամենախոշոր հաղթանակը: