Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցն» շրջանցեց առաջատարին

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 12-րդ տուրից հետո աղյուսակը սկսեց միանձնյա գլխավորել Երեւանի «Բանանցը»: Այս տուրում Ստեւիցա Կուզմանոսկու սաները դժվար պայքարում հաղթեցին նախկին առաջատար Երեւանի «Փյունիկին»` 3:2:

Արդեն առաջին խաղակեսում «Բանանցը» շոշափելի առավելություն ստացավ հաշվի մեջ` 3:1, սակայն այն պահպանելու համար անհրաժեշտ եղավ անձնուրաց պաշտպանվել երկրորդ խաղակեսում, քանի որ «Փյունիկը» լրիվ տիրել էր նախաձեռնությանը եւ անընդհատ գրոհում էր մեծ ուժերով: Հանրապետության չեմպիոնը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ առաջին անգամ առաջին հորիզոնականը զիջեց մրցակցին:

Վաստակած միավորներով «Փյունիկին» հավասարվեց Երեւանի «Ուլիսը», որը հյուրընկալվելիս հաղթեց «Կիլիկիային»` 3:1: Հերթական միավորները կորցրեց մրցաշարի ֆավորիտներից մեկը` Աշտարակի «Միկան», որը Կապանի «Գանձասարի» հետ արտագնա խաղում չկարողացավ պահպանել առաջին խաղակեսում հաշվի մեջ ստացած առավելությունը (1:0) եւ բավարարվեց ոչ-ոքի արդյունքով` 1:1:

«Շիրակ» - «Իմպուլս» խաղն ավարտվեց հյուրերի նվազագույն հաղթանակով` 1:0:

Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Բանանց 12 29
2. Փյունիկ 12 26
3. Ուլիս 12 26
4. Միկա 12 21
5. Իմպուլս 12 13
6. Գանձասար 12 10
7. Կիլիկիա 12 10
8. Շիրակ 12 3