Հեծանվահրապարակը քանդելու են
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի հեծանվահրապարակը, որը մեր քաղաքի առանձնահատուկ մարզական կառույցներից մեկն է, 2-3 տարի անց կարժանանա երիտասարդական պալատի ճակատագրին, այսինքը` հիմնահատակ կքանդվի:
«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպությունը, որին պատկանում է հեծանվահրապարակը եւ նրա հարակից շենքերն ու շինությունները, դեռեւ 2008 թ-ին Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի, նվիրաբերելու վերաբերյալ առաջարկություն է արել:
Սակայն եղել է պայման, որ նվիրաբերության առարկայի հետագա օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվեն Երեւան քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան նոր հեծանվահրապարակի կառուցմանը եւ համաքաղաքային նշանակության այլ կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
Միաժամանակ քաղաքապետարանին առաջարկություն էր արել նաեւ իտալական «Ռենկո» ընկերությունը` Երևան քաղաքում նոր հեծանվահրապարակ եւ Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու ներդրումային ծրագրի վերաբերյալ: Կայանատեղին վերջերս է շահագործման է հանձնվել:
Այդ ծրագրով պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի 4 հասցեում գտնվող 1,3881 հեկտար հողամասը, որտեղ էլ գտնվում է հեծանվահրապարակը, փոխանակվել է Երեւան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի վրա «Ռենկո Արմեսթեյթ» ընկերության կողմից հօգուտ պետությանը հրաժարված 2 հեկտար հողամասի հետ;
Այնտեղ էլ առաջիկա տարիներին կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխան հեծանվահրապարակ: Ի դեպ, նախնական հաշվարկներով նոր հեծանվահրապարակի վրա կծախսվի մոտ 10-15 մլն եվրո:
Մասնագետների գնահատմամբ` նույն գումարով կարելի էր նորոգել եւ հեծանվահրապարակը, եւ հարակից տարածքը` քաղաքի այդ հատվածը վերածելով մարզամշակութային օազիսի (հեծանվահրապարակի հարեւանությամբ են գտնվում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը եւ Պետական կրկեսը):