Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու օրում, երկու կորուստ

Սպորտ

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության առաջին երկու օրը ռինգ մտած Հայաստանի 7 մարզիկներից երկուսը չկարողացան հաղթահարել առաջին արգելքը եւ դուրս մնացին պայքարից: 54 կգ քաշային Կարեն Այլազյանը միավորներով պարտվեց իռլանդացի բռնցքամարտիկ Ջոն Նեւինին` 2:11: Սամվել Մաթեւոսյանը (69 կգ) ընդհանրապես չկարողացավ դիմադրություն ցույց տալ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալեքսիս Վաստինին` 0:18:

Մեր բռնցքամարտիկներից առավել հաջող է սկսել ելույթները 81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը։ Նա առաջին փուլում 7:2 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի ներկայացուցիչ Ռամազան Մագոմեդովի նկատմամբ, իսկ երկրորդում պարտության մատնեց հունացի Իոանիս Միլիտոպոլիսին` 13:3, եւ մտավ 1/4 եզրափակիչ։

51 կգ Դերենիկ Գիժլարյանն առաջին մարտում հեշտությամբ հաղթեց հունգարացի Նորբերտ Կալուցային` 16:4, 2008 թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանը (64 կգ)` Ալեքսանդր Վասիլեւին (Ֆինլանդիա)` 11:2: 2008 թ Եվրոպայի փոխչեմպիոն Ցոլակ Անանիկյանը (91 կգ) 4:0 հաշվով պարտության մատնեց լեհ Մատեուշ Մալույդային։ 75 կգ քաշայինների պայքարում աշխարհի փոխչեմպիոն Անդրանիկ Հակոբյանը 13:2 հաշվով առավելության հասավ խորվաթ Սանին Պոր Վրոչի նկատմամբ։

Այսօր 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանը կհանդիպի ուկրաինացի Օլեգ Մալինովսկու, իսկ 60 կգ քաշային Արա Պուլուզյանը` գերմանացի Եուգեն Բուրհարդի հետ: 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանն իր առաջին մարտը կանցկացնի հունիսի 9-ին, ուկրաինացի Դենիս Շկարուբոյի հետ: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի Դավիթ Հայրապետյան (Ռուսաստան) - Էլվին Մամիշզադե (Ադրբեջան) զույգի հաղթողի հետ: