Բացել լրահոսը Փակել լրահոսը
1280px-Armenian_Academy_of_Sciences
A A
Պաշտոնական

ԳԱԱ-ն՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարությունն իր 03․12․2020թ․ նիստի օրակարգում անհիմն, առանց օրենսդրորեն նախատեսված քննարկումների, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և  հավանություն տվեց՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Որոշումն ընդունվեց, երբ երկրում հրատապ լուծում պահանջող մի շարք կարևորագույն՝ հումանիտար, տնտեսական, սոցիալական, պաշտպանական և բազմաթիվ այլ խնդիրներ կան

  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը լայնորեն քննարկվել է ԳԱԱ գիտական կազմակերպությունների կոլեկտիվների ժողովներում, ԳԱԱ տնօրենների խորհրդում, ԳԱԱ անդամների ժողովում: Բազմաթիվ սկզբունքային առաջարկություններ և դիտողություններ պարբերաբար ներկայացվել են ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն, որոնք հիմնականում չեն ընդունվել, նույնիսկ ներկայացված ամփոփագրերում զարմանալիորեն արտացոլված չեն: 

Ներկայացված օրենքի նախագծով կազմաքանդվում է ՀՀ գիտությունների ակադեմիական համակարգը, և վտանգի տակ է դրվում հիմնարար գիտությունների զարգացումը: Վերացվում են ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված ԲՈՒՀ-ական և գիտական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները, խախտվում են կրթության, գիտության հիմնական շահառուների իրավունքներն ու օրինական շահերը:

Անընդունելի է երկրում ռազմական դրության, հետպատերազմական և համավարակի այս ծանր ժամանակաշրջանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նման նախագծի՝ առանց վերջնական հանրային քննարկումների և հավանության արժանանալու հրատապ կերպով օրակարգ բերելը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ԳԱԱ-ն պահանջում է.

  1. անհապաղ հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովից
  2. շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կազմակերպել քննարկումներ բարձրագույն կրթության և գիտության զարգացումն ապահովող հայեցակարգային դրույթների և օրենքների նախագծերի մշակման համար:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն