Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ուկրաինա 24» ին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24» հեռուստաընկերությանը. Ուկրաինա 24- Պարոն նախագահ, առաջին հերթին շնորհակալություն, որ հնարավորություն և ժամանակ եք գտել կապի դուրս գալու համար: Իհարկե, Ձեզ հետ ցանկանում եմ խոսել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, որտեղ ավելի քան մեկ ամիս է շարունակվում են ծանր մարտական գործողությունները: Հրապարակային տեղեկատվության համաձայն՝ այսօր առճակատումներն ընթանում են ռազմավարական կարևորություն ունեցող դիրքերում: Կարելի է ասել, որ այս վերջին օրերը կարող են վճռորոշ լինել հակամարտության համար: Ներկայում Լեռնային Ղարաբաղում կամ, ինչպես հայերն են անվանում, Արցախում ինչպիսի՞ իրավիճակ է: - Իրոք, արդեն մեկ ամսից ավելի է՝ մարտերը շարունակվում են: Կարծում եմ, որ այս պատերազմը բացարձակապես անհիմն է: Այն սեպտեմբերի 27-ին սկսել է Ադրբեջանը՝ Թուրքիայի ուժեղ աջակցությամբ: Դա և՛ սպասելի, և՛ անսպասելի էր: Սպասելի էր այն իմաստով, որ վերջին մի քանի տարիներին նրանք ակնհայտորեն պատրաստվել էին այս պատերազմին: Անսպասելի էր, որովհետև ամեն դեպքում բանակցային գործընթաց կար, այն ոչ ոք չէր դադարեցրել,և շուրջ 20 տարի այդ բանակցություններն ընթացքի մեջ էին, բավական հաջող էին ընթանում: Անշուշտ, կային օրեր, երբ այս կամ այն կողմը բավարարված էր դրանցով կամ ոչ այնքան: Սակայն,ամեն դեպքում, ցանկացած բանակցություն շատ ավելի լավ է, քան պատերազմը: Պատերազմը մարդկային կորուստներ է ենթադրում երկու կողմում էլ, դա ավերածություն է, ոչ թե կառուցում: Այս դեպքում, ցավոք, ադրբեջանական կողմը պատերազմի առաջին օրերից ի վեր սկսել է ռմբակոծել քաղաքացիական բնակչությանը: Նրանք դա սկսել են Ստեփանակերտից, և առաջին իսկ օրն այդ ամենի հետևանքով առավելապես երեխաներ ու մեծահասակներ են տուժել, մենք մարդկային կորուստներ ենք ունեցել: Այնպես որ, ցավոք, պատերազմն ընթանում է: Այն սանձազերծել է Ադրբեջանը: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ այս պատերազմը բացարձակապես չհիմնավորված է, որովհետև ամեն դեպքում ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով: Ղարաբաղյան առաջին պատերազմը տևել է մի քանի տարի, և կային օրեր, երբ բոլորն ասում էին, թե վերջը մոտ է: Եվ կային օրեր, երբ ասում էին՝ մյուս կողմի համար է վերջը մոտ: Իրականում այն շատ երկար տևեց՝ մի քանի տարի: Սակայն ամեն դեպքում այն ավարտվեց զինադադարով, որը կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և, ցանկանում եմ հատուկ ընդգծել, Ղարաբաղի միջև ստորագրվել է 1994 թվականին Բիշքեկում: Ուկրաինա 24- Այո, այն, ինչ նշեցիք, շատ էական է: Հակամարտության՝ վերջին մի քանի շաբաթների սրացման ընթացքում բանակցություններ են եղել նույն Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, և արդեն երեք անգամ համաձայնություն է ձեռք բերվել կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին հանդիպումը եղավ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Չնայած այս համաձայնություններին, ինչու՞ է հակամարտությունը շարունակվում: - Ես այս հարցը կպարզեցնեի: Այդ բոլոր փորձերը, որոնք նախ եղան Ռուսաստանի Դաշնության ջանքերով, հետո ֆրանսիացիները փորձեցին, այնուհետև՝ ԱՄՆ-ը՝ պետքարտուղար Պոմպեոն: Հետո նախարարները հանդիպեցին Ժնևում: Այս փորձերը անհաջող են ավարտվել շատ պարզ պատճառով. հակամարտության երկու կողմերից՝ Արցախի Հանրապետությունից և Ադրբեջանից բացի, կա նաև երրորդ մասնակից, որը շահագրգռված չէ հրադադարով: Դա Թուրքիան է: Ուկրաինա 24- Եթե խոսենք Թուրքիայի մասին, ապա վարկած կա, որ, ըստ էության, այս ռազմական հարձակման նախաձեռնողը հենց Թուրքիան է: Հակվա՞ծ եք համաձայնել նման տեսակետի հետ, և, ըստ Ձեզ, ինչքա՞ն ժամանակ են այս ռազմական գործողությունները ծրագրվել: Պարոն նախագահ, կարո՞ղ ենք այսօր ասել, որ ժամանակահատվածը ևս պատահաբար չէր ընտրվել. լարումը սկսվել է սեպտեմբերի վերջին, երբ կորոնավիրուսի համավարակի բռնկումներ կային, երբ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թեժ քարոզարշավներ էին: - Դուք ինքներդ արդեն պատասխանեցիք Ձեր իսկ հարցին: Համաձայն եմ Ձեզ հետ: Ենթադրությունը, որ Թուրքիան է եղել նախաձեռնողը... Դա եղել է Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության միջև: Նրանց հարաբերություններն ունեն երկար պատմություն, և այն, որ Թուրքիան շահագրգռված է, ուղղակի ակնհայտ է: Ղարաբաղյան պատմությունը, ցավոք, միակը չէ, որտեղ Թուրքիան անկայունություն է ստեղծել և, ըստ էության, անում է ամեն ինչ, որ ոչնչացնի բոլոր հնարավոր ստատուս քվո-ները: Թուրքիան իր շուրջը ստեղծում է անկայունության օջախներ: Տեսեք՝ նրանք սկզբում Եգիպտոսում էին, հետո մյուսների հետ եղել են Լիբիայում, այնուհետև՝ Իրաքում: Նրանք խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն հենց իրենք են ներխուժել Իրաք: Այնտեղ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում Իրաքի տարածքային ամբողջականությանը: Հետո նույնը եղավ Սիրայի դեպքում՝ Թուրքիան հաշվի չէր առնում Սիրիայի տարածքային ամբողջականության հարցը և առիթ գտավ ու մտավ այնտեղ: Իսկ այսօր Ադրբեջանում նրանք կռվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար: Ամեն դեպքում, սա շատ տարօրինակ է: