Գազի սակագինը կմնա անփոփոխ բնակչության համար. ՀԾԿՀ որոշումն ամբողջությամբ (տեսանյութ)
2020 թվականի հուլիսի 19-ից փոփոխվում է գազի սակագինը , սակայն բնակչության համար այն մնաց անփոփոխ. սպառողների մի մասի համար կգործեն բնական գազի նոր սակագներ:
Նման որոշում կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր գազի սակագները վերանայելու վերաբերյալ` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը։
«Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին ՀԾԿՀ-ին էր ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որով մասնավորապես առաջակվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը բարձրացել՝ 255 դոլարից դարձնելով 283 դոլար: ՀԾԿՀ-ն առաջարկել էր 266.71 դոլար տարբերակը:
Հանձնաժողովն առաջարկել է բնակիչ սպառողների համար գազի սակագինը թողնել անփոփոխ՝ 139 դրամ 1 խմ-ի դիմաց, նաեւ անփոփոխ թողել սակագինը սոցիալապես խոցելի խմբերի համար՝ 100 դրամ 1 խմ-ի դիմաց:
Հանձնաժողովի որոշումը ստորեւ.
Հանձնաժողովը որոշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները.
1) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան. ա. մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),
բ. 600 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),
2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը`
ա. նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
բ. ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 224 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
4) վերը նշված 1-3-րդ ենթակետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 139000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 255.91 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։
Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հուլիսի 19-ից, բացառությամբ ջերմային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց վաճառվող բնական գազի սակագների, որոնք ուժի մեջ կմտնեն 2020 թվականի օգոստոսի 1-ից: