Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ խաղն ընտրող երեխան հաստատ հայ է»

Մշակույթ

Քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը կարծում է, որ աշխարհում չի գտնվի մեկ այլ ազգի երեխա, որը մեխով փորի քարի վրա. «Այդ խաղն ընտրող երեխան հաստատ հայ է, դա մեր մեջ է ի վերուստ»;

Այսօր Երեւանում բացվեց ժողովրդական վարպետ, խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի ստեղծագործությունների առաջին անհատական ցուցահանդեսը:

Վարպետը 400-ից ավելի խաչքարերի հեղինակ է: Նրա խաչքարերը տեղադրված են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հունաստանում, Կանադայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում: Մոսկվայում նա արժանացել է «Տաղանդ և կոչում» մեդալի:

«Երբ Մոսկվայից եկա, ստացա հրավեր Կանադա և Ավստրիա մեկնելու: Մեկնումից առաջ ցանկացա իմ ազգին ներկայացնել այն, ինչով պետք է ներկայանամ արտասահմանցուն»,-«Ա1+»-ին ասաց Վարպետն ու շտապեց Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ, ուր նրան սպասում էին 200-ին ավելի այցելուներ, շնորհավորանքներ, պատվոգրեր, մեդալներ:

«Կոշտ ու կոպիտ քարերը ժամանակի ընթացքում պոեզիա և երաժշտություն են դառնում. այդ նկատել եմ Վարազդատ Համբարձումյանի արվեստանոցի կողքով անցնելիս»,- քանդակագործին ոսկե մեդալ հանձնելիս` իր հիացմունքն արտահայտեց Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Վարդանյանը:

Մշակութաբան Լաուրա Սուքիասյանն էլ կարծում է,որ Վարազդատ Համբարձումյանի գործերը նոր շունչ են խաչքարի մշակույթում, որքան էլ փորձեն վերացնել մեր մշակույթը, նա իր գործերով ապացուցում է, որ հայկական խաչքարերը նոր շունչ են առնում:

Ի դեպ, Վարպետի աշակերտներ Հովհաննեսը և Էդգարը նախասրահում խաչքար էին քանդակում այն պահին,երբ ցուցադրվում էր ֆիլմ Ջուղայում ոչնչացված խաչքարերի մասին: Աշակերտները այդպես փորձում են ցույց տալ, որ հայկական խաչքարերը չեն վերանալու: