Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայերենը պետք է փրկել որոշ մարդկանցից

Մշակույթ

«Ես խորապես համոզված եմ, որ հայերենը վտանգված է: Ցավալին այն է, որ մեր մայրենի լեզուն վտանգված է ոչ միայն սփյուռքում, այլև Հայաստանում: Եվ վտանգը դրսից չէ, այլ ներսից»,- «Ա1+»-ի զրույցում ահազանգեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանը: Նա մտահոգված է մայրենիի այսօրվա վիճակով: Ըստ նրա` հայերենը պետք է պաշտպանել մեր հասարակության որոշ շրջանակներից, խմբերից ու անհատներից, եւ ժամանակն է հանրային լայն քննարկումներ անցկացնելու, հասարակական շարժում ծավալելու:

Իսկ ովքե՞ր պետք է զբաղվեն հայերենի պաշտպանությամբ հարցին, պարոն Գյուրջինյանը պատասխանեց. «Թյուր կարծիք կա, թե հայերենի ներկայի և ապագայի խնդիրներով միայն լեզվաբանները պիտի զբաղվեն: Հայոց լեզվի իրավունքների պաշտպանությունը համազգային խնդիր է, և ամեն ոք անելիք ունի` սկսած ուսուցչից և գործարարից մինչև ԱԺ պատգամավոր, նախարար ու երկրի նախագահ: Հայերենի նկատմամբ ամեն մի ոտնձգություն, նրա իրավունքների յուրաքանչյուր խախտում վնաս է հասցնում մեր ազգային մշակույթի ամենակարևոր և որոշիչ իրողությանը` լեզվին: Իսկ լեզվի նահանջը հանգեցնում է շղթայական նահանջի»:

Ըստ Գյուրջինյանի, քննարկման նյութ պիտի դարձնեն հայերենին վերաբերող մի շարք հարցեր, օրինակ. հայոց լեզվի իմացության աստիճանը պետական կառավարման և այլ մարմիններում, հայերենը զանգվածային լրատվության միջոցներում, լեզվի դպրոցական և համալսարանական դասավանդման խնդիրներն ու զարգացման հեռանկարները, եւ այլն:

Գյուրջինյանի համոզմամբ, կարևորագույն խնդիր է նորագույն գիտական տերմինաբանության ստեղծումը: «Այսօր` գիտության և տեխնոլոգիայի սրընթաց զարգացման դարաշրջանում, մենք չենք կարող հապաղել ու հետ մնալ համաշխարհային զարգացումից»:

Բայց Դավիթ Գյուրջինյանը կարծում է նախեւառաջ անհրաժեշտ է լավ մշակված, շոշափելի, գործնական քայլերով արմատապես փոխել հայ հասարակության վերաբերմունքն իր իսկ մայրենի լեզվի, մասնավորապես գրական հայերենի նկատմամբ: Եվ չհիշել մայրենիի պաշտպանության մասին միայն մայրենիի տոնին: