6 անչափահաս երեխա ունեցող այգեհովիտցի ընտանիքը շուտով դրսում է հայտնվելու․ չգիտեն՝ որտեղ են գիշերելու
Աջակցիր «Ա1+»-ինԱյգեհովիտցի Լուսինե Մալաքյանի ընտանիքը դժվարին իրավիճակում է հայտնվել։ Օրեր առաջ տան սեփականատերը, որտեղ բնակվում է ընտանիքը, տեղեկացրել է, որ տունը պատրաստվում է վաճառել․ նրանք պետք է օրերս լքեն այն։ Տիկին Լուսինեն 6 անչափահաս երեխա ունի, ամուսինն էլ նախկին զինվորական է, այժմ չի աշխատում, հիվանդ է։ Երկուսուկես տարի է՝ այդտեղ էին ապրում, վարձ չէին տալիս, տանտերն ընդառաջել է՝ տեսնելով ընտանիքի սուղ միջոցները, բայց և զգուշացրել, որ տունը վաճառելու է։
«Ապրիլի 23-ին տանտերը զանգեց, ասաց՝ պետք է տունը ազատեք, գնորդ ունեմ։ Ամուսինս բացատրեց, որ տեղ չունենք գնալու, ասաց՝ կներես, բայց դա ինձ չի անհանգստացնում, խնդրում եմ տունս ազատեք»,- պատմեց տիկին Լուսինեն՝ շարունակելով․
«Ասել եմ՝ գոնե թողեք ամառը գա, նոր, ինքն էլ ասաց՝ տեղս նեղ է, տներս ծախում եմ»։
Լուսինե Մալաքյանը «Ա1+»-ի խմբագրություն է դիմել՝ անելանելիությունից դրդված, հույսով, որ կարձագանքեն և իրենց կօգնեն։
«Հնարավոր է՝ բարի մարդիկ գտնվեն, երեխաներս փողոցում չհայտնվեն։ Քանի օր է՝ ամուսիններով շրջում ենք գյուղում, տուն գտնելու համար, ոչ մեկ չի տալիս, մեկն ասում է՝ ես էլ եմ ծախում, մյուսն ասում է՝ 6 երեխա, ինչ ես ասում»,- սրտնեղած պատմեց նա։
Լուսինե Մալաքյանի ամուսինն արդեն երկու տարի է չի աշխատում, երկու անգամ միկրոինսուլտ է ստացել։ Ստիպված աշխատանքից ազատվել է։ Տիկին Լուսինեի խոսքով՝ գործերում չի նշվել, թե նա հիվանդ է, որ եթե հետագայում բուժվի, հնարավոր լինի վերադառնալ աշխատանքի։ Հիմա զղջում են, եթե գրվեր հիվանդության մասին, հիմա թոշակ կստանար։ Նպաստ են ստանում, ու տանը հարակից այգու մշակածով ապրում։
Այս տարի բերքից էլ հնարավոր է զրկվեն։
«Մենք իրեն ասացինք, որ մեր ցանած բերքը դուրս է եկել, դրանով ենք եկամուտ ստանում, վաճառում ենք ու այլ ծախսեր հոգում։ Ասում է՝ դե տան մեջ էլ ապրել եք էլի, այսինքն՝ հույսներդ կտրեք էդ ցանածից»,- նշեց տիկին Լուսինեն։
Ընտանիքը համայնքի ղեկավարին չի դիմել, անիմաստ է համարում։
«Իր ձեռքը ոչ մի բան չկա։ Ես գնամ, դիմեմ, ասելու է՝ դե նայի տես գյուղում ինչ տուն կա, տես ով կտա։ Ճանաչելով իրեն չեմ դիմել, չեմ էլ ուզում դիմեմ, որովհետև անիմաստ եմ համարում»,- ասաց տիկին Լուսինեն։ Պատկերացնել անգամ չեն կարող, եթե տնից դուս գան, որտե՞ղ պետք է գիշերեն։
Ամուսնու հայրական տունը ապրելու համար պիտանի չէ, տանիքը փլված է, դուռ ու պատուհան չկա։ Ասում է՝ գուցե օգնեն այդ տունը նորոգեն։ Տիկին Լուսինեն ավելի վաղ, երբ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ կուրթանեցի բնակիչ Մեխակ Առաքելյանի և վարչապետի մասնակցությամբ միջադեպ էր եղել, և օրեր անց ԱԺ « Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը այցելել էր կուրթանեցի բնակչին և հայտնել, որ կան քաղաքացիներ, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել նրան, ինքն էլ էր դիմել պատգամավորին, ներկայացրել իրենց վիճակն ու ասել, որ տուն չունեն, ինչո՞վ կարող է օգնել, սակայն պատգամավորից արձագանք չի ստացել։
Այգեհովիտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Ղարագեդյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց, որ ընտանիքը սոցիալական խնդիրներ ունի։
«Ինքը դիմումներ է գրել, գյուղապետարանն իրենց միշտ օգնել է։ Նաև, եթե բարերարներից ծանրոց է եկել, իրենք օգտվել են»,- նշեց նա։
Տիկին Սուսաննան տեղյակ չէր, որ ընտանիքը դրսում մնալու վտանգի առաջ է հայտնվել։
«Առաջին անգամ եմ լսում, իրենք երկար ժամանակ այդ տանն են բնակվում, մեզ ոչ մի բան չեն ասել իրենք, տեղյակ չենք կոնկրետ այդ մասով»,- հավելեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը։