«Պացիենտներին հորդորում ենք զերծ մնալ թմրամիջոցներից և ալկոհոլից»
Աջակցիր «Ա1+»-ինCOVID_19-ի համավարակով պայմանավորված իրավիճակում մեթադոնային բուժումը պետք է մնա հասանելի։ Նման հայտարարություն էր արել ՄԱԿ- ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը։ Ըստ կառույցի՝ աշխարհում 11 միլիոն մարդ թմրամիջոցների ներարկային գործածողներ են, որոնցից 1,4 միլիոնի մոտ ախտորոշված է ՄԻԱՎ վարակ, իսկ 5,6 միլիոնի մոտ՝ հեպատիտ C:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ իրենք հետեւում են այս հորդորին։ Կենտրոնում փոխարինող բուժում ստացող բոլոր պացիենտներին մեթադոնային բուժումը հասանելի է։
«Ելնելով հակահամաճարակային միջոցառումների անհրաժեշտությունից, պացիենտների շփումն ինչպես միմյանց, այնպես էլ բուժաշխատողների հետ նվազեցնելու, այցելուների հոսքը սահմանափակելու նպատակով՝ փոխարինող բուժում ստացող բոլոր պացիենտների համար սահմանվել է շաբաթական մեկանգամյա այցերի ռեժիմ։
Պացիենտներին հորդորում ենք խստագույնս կատարել բժիշկների ցուցումները, զերծ մնալ թմրամիջոցներից և ալկոհոլից»,-ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ։