Ի՞նչ է առաջարկում գործատու-աշխատող հարաբերությունները կարգավորող նոր օրինագիծը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է օրինագիծ, որն այս պահին քննարկումների փուլում է։
Այն կարգավորելու է արտակարգ իրավիճակի պայմաններում գործատուի և աշխատողի իրավունքներն ու պարտականությունները:
Այս մասին Կառավարության մամուլի սրահում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Աշխատանքային օրենսգրքի 107-րդ հոդվածով նախատեսված է պարապուրդին վերաբերող կարգավորումներ, այս պարագայում գործատուն պարտավոր է վճարել աշխատողին, եթե պարապուրդը աշխատողի մեղքով չէ, այդպիսի կարգավորումներ են նախատեսված նաև 186-րդ հոդվածի 6-ր մասով, այս դեպքում գործատուն չի վճարում պարապուրդի համար, եթե կա օրենքով նախատեսված անհաղթահարելի ուժ:
Սարգսյանի պնդմամբ՝ սրանք տարընկալումների տեղիք են տալիս գործատուների և աշխատողների հարաբերություններում, ուստի նոր կարգավորումները հստակեցնում են՝ որ դեպքում որ դրույթն է կրառելի:
Նոր կարգավորումներով գործատուն իրավունք ունի պարապուրդի ընթացքում աշխատողին տեղափոխել այլ աշխատանքի, որը համապատասխանում է իր մասնագիտությանը, սակայն միշտ չէ, որ նման հնարավորություն գործատուն ունենում է, այդ դեպքում նախատեսված է, որ գործատուն փոխհատուցում է այդ պարապուրդի համար միջին ժամային աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան Սահմանդրությամբ սահմանված նվազագույն չափը,-տեղեկացրեց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է հեռավար աշխատանքին, Սարգսյանն ասում է՝ ներկայիս Աշխատանքային օրենսգրքով հեռահար աշխատանք հասկացություն կամ դրա համար վճարում գոյություն չունի, ուստի նոր կարգավորումներով տրվել է սահմանում.
Հեռավար աշխատանքն այն է, երբ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այլևս հնարավոր չէ աշխատանքը իրականցնել աշխատանքի վայրից, և ստիպված աշխատողը փոխում է աշխատանքի վայրը, և իրականացնում է, օրինակ, տանից:
Տվյալ պարագայում, Սարգսյանի խոսքով, ենթադրվում է, որ աշխատանքի բնականոն գործունեությունը սահմանված աշխատաժամի տեսանկյունից ամբողջությամբ պահպանվում է, հետևաբար՝ նախատեսել են, որ վարձատրությունն էլ պետք է ամբողջությամբ պահպանվի:
Նոր կարգավորումներով առաջարկում են գործատուներին արտակարգ դրության ժամանակահատվածում, եթե ստիպված է փոփոխել աշխատողների աշխատանքի վայրը, այս ընթացքում չհամարվի աշխատանքի վայրի փոփոխություն, քանի որ, եթե աշխատողներին նախապես չեն ծանուցել դրա մասին, (իսկ այս իրավիճակում դրա հնարավորությունը չկար), խուսափեն օրենքով նախատեսված տույժերից:
Նոր կարգավորումներով նախատեսված են նաև այն դեպքերը, երբ աշխատողը, պայմանավորված համաճարակով, չի գնում աշխատանքի, գործատուն իրավունք չունի իր նախաձեռնությամբ նրան աշխատանքից հեռացնելու, որովհետև այս իրավիճակում աշխատողն ունի օբյեկտիվ պատճառներ:
Շատ ծնողների դեպքում, ովքեր իրենց երեխաներին (մինչև 14 տարեկան) խնամելու համար ստիպված են մնալ տանը, գործատուին առաջարկվում է նրանց բացակայություննեը և ուշացումները նույնպես համարել հարգելի և չկիրառել կարգապահական տույժ:
Առաջարկվում է նաև՝ այն դեպքերում, երբ աշխատանքը ոչ մի կերպ կազմակերպելու հնարավորություն չկա, աշխատողները օգտվեն իրենց ամենամյա պարտադիր արձակուրդից, եթե ունեն նման ցանկություն:
Հարցին, թե այս ճգնաժամային իրավիճակում ի՞նչ է նախատեսված ոչ պետական կառույցներում օրավարձով աշխատողների համար, Սարգսյանն ասաց, որ օրավաձով աշխատողները ևս համարվում են աշխատողներ, և նրանց իրավունքները նույնպես կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, հետևաբար՝ այն կարգավորումները, որոնք կլինեն, համընդհանուր կտարածվեն նաև օրավաձով աշխատողների վրա:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ ինչ սանկցիաներ են կիրառվելու այն գործատուների նկատմամբ, ովքեր հրաժարվում են վճարել կամ ստիպում են աշխատողին իր հաշվին արձակուրդ վերցնել։ Սարգսյանն ասաց, որ այս մասով նոր կարգավորումների անհրաժեշտություն չկա, որովհետև դրանք արդեն նախատեսված են գործող աշխատանքային օրենսգրքով.
«Ընդամենը պետք է տարանջատվի՝ որ դեպքում է վճարում գործատուն, որ դեպքում՝ ոչ»:
Ինչ վերաբերում է արձակուրդին, նրա խոսքով՝ սա ևս պետք է լինի կողմերի համաձայնությամբ:
Նշեց, որ ահազանգեր ստացել են, որ գործատուն հեռացնում է աշխատողին հաստիքի կրճատման հիմքով, բայց այս դեպքում գործատուն պարտավոր է 60 օր առաջ ծանուցել, եթե չի ծանուցում, ստիպված է տույժեր վճարել: