Գործարար միջավայրում` որոշակի կանոններով
Աջակցիր «Ա1+»-ինԱրժույթի միջազգային հիմնադրամի Հայաստան ժամանած առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը հրաժարվեց մեկնաբանել «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալությանը ` ասելով, որ ծանոթ չէ այդ դեպքի հանգամանքներին:
Սակայն «Ա1+»-ի հետ զրույցում նա ընդգծեց. «Ընդհանրապես կարեւոր է գործարար համայնքում ապահովել որոշակի կանոնների պահպանումը` ստեղծել բարենպաստ միջավայր, որը ձեռնարկություններին, գործարարներին հնարավորություն կտա տնտեսական գործունեություն ծավալել»:
Մեր հարցին` արդյոք այս հանգամանքը կազդի՞ ՀՀ բիզնես միջազգային վարկանիշի վրա, նա խուսափեց պատասխանել:
Մարկ Լյուիսն ավարտեց իր երկշաբաթյա այցը Հայաստան, որի ժամանակ ՀՀ Կառավարության հետ քննարկվել է ԱՄՀ-ի կողմից իրականացվող ծրագրի ընթացքը: Այն ԱՄՀ պահուստային ծրագրի 3-րդ հերթական ստուգումն է, որը 28-ամսյա ծրագիր է եւ որի բարեհաջող ավարտից հետո Հայաստանին հնարավորություն կընձեռվի ստանալ 74 մլն ԱՄՆ դոլար:
Անդրադառնալով ՀՀ 2010թ. տնտեսական ցուցանիշներին` Մարկ Լյուիսը նշեց, որ կանխատեսվում է ՀՆԱ-ի 2 տոկոս աճ, իսկ հանքաարդյունաբերության, գյուղատնտեսության եւ ծառայությունների ոլորտներում չափավոր աճ: Չնայած դրան` ՀՀ-ում գնաճի տեմպերն, ըստ նրա` արագացել են, որն հիմնականում պայմանավորված է արտաքին գործոններով, օրինակ` ապրանքների համաշխարհային գների փոփոխություններով: Տարվա կտրվածքով ԱՄՀ վստահեցմամբ` այն կսկսի նվազել եւ միայն 2010թ. 2 ամիսների ընթացքում գնաճը կլինի բարձր մակարդակի վրա: