Ուսումնական հաստատություններում բացակայությունների թիվը նվազել է
Աջակցիր «Ա1+»-ինՄեկշաբաթյա ընդմիջումից հետո երկու օր է՝ երկուշաբթի օրվանից, ուսումնական հաստատություններում վերսկսվել է դասապրոցեսը։ Գարնանային արձակուրդից հետո շա՞տ են արդյոք բացակաները։ Պարզելու համար «Ա1+»-ը կապ հաստատեց ԿԳՄՍ նախարարության և քաղաքապետարանի հետ։
Հիշեցնենք, որ տարածված սուր շնչառական հիվանդությունների ֆոնին, ինչպես նաեւ Հայաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքով պայմանավորված՝ գարնանային արձակուրդները դպրոցներում տեղափոխվեցին մարտի 2-ից 8-ը, մեկ շաբաթով փակվեցին նաեւ նախադպրոցական հաստատությունները, բուհերը, քոլեջները։
Քաղաքապետարանի Հանրակրթության վարչության դպրոցական բաժնից տեղեկացրեցին, որ բացակայությունները շարունակվում են, սակայն աճ չի նկատվում։ Նշեցին, որ դպրոցներում արձակուրդներից հետո մարտի 9-ին բացակայությունները կազմել են 14 տոկոս, իսկ մարտի 10-ին՝ 9,07 տոկոս։ Մանկապարտեզներում ևս նկատվում է բացակայությունների թվի նվազում մարտի 9-ին՝ 37տոկոսից իջել է 26 տոկոս։ Մինչդեռ փետրվարի 27-ին դպրոցներում բացակայությունների թիվը կազմել է 14,8 տոկոս, մանկապարտեզներում՝ 43 տոկոս։
Քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնից տեղեկացնում են, որ ուսումնական հաստատությունների մուտքի մոտ , նախքան երեխաների ներս մտնելը , ստուգվում է նրանց առողջական վիճակը, և հիվանդ երեխաներին չեն թույլատրում մտնել ներս։ Վստահեցրին՝ Առողջապահության նախարարության՝ իրենց տրամադրված նորմատիվներով մաքրման աշխատանքները իրականացվում են՝ պահպանելով սանիտարահիգիենիկ կանոնները։
ԿԳՄՍ նախարարությունից ևս հավաստեցին, որ ավագ դպրոցներում բացակայությունների աճ չի նկատվել, երկու օրերի ընթացքում բացակայությունների թիվը կազմել է 7 տոկոս։