Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0027
A A
Հասարակություն

Վաղը հնարավոր է ապացուցվի, որ Զավեն Գրիգորյանը դեպքի վայրում չի եղել. փաստաբանը՝ փոխգնդապետի ծեծի գործի մասին (տեսանյութ)

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանի փաստաբան Լևոն Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց։
 
«Հարություն Գրիգորյանը՝ Զավեն Գրիգորյանի եղբայրը, որն այժմ կալանքի տակ է, դեպքի օրը՝ ժամը 00:00-ի սահմաններում իր մեքենայով ուղևորվում-գալիս է իրենց բակ... Բակում ներկա է լինում 4 սպա, որոնք երկու ռեստորանի մասնակցել են խնջույքի, օգտագործել են ոգելից խմիչք, և նրանցից որոշները եղել են ծայրահեղ հարբած վիճակում»։
 
Ըստ փաստաբանի՝ կոնֆլիկտ է ծագել Հարություն Գրիգորյանի և սպաների միչև (փաստաբանը որոշ մանրամասներ չնշեց՝ ելնելով նախաքննական գաղտնիքից), որի ընթացքում Գրիգորյանը փախել է դեպքի վայրից իրենց շքամուտք ու բարձրացել իրենց բնակարանի հարկ, իսկ սպաները հետապնդել են մինչև շենք։ 
 
Կոնֆլիկտի ընթացքում Հարություն Գրիգորյանը, ըստ Սահակյանի, զանգահարել է ընկերներին, այդ թվում եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, սակայն ամենավերջինը, հետո վերջինս է զանգահարել եղբորը, որը վերջին զանգն է եղել միջադեպի ընթացքում։ Ըստ փաստաբանի՝ Արա Մխիթարյանի միջադեպի ընթացքում իր պաշտպանյալի Զավեն Գրիգորյանը դեպքի վայրում եղած չի լինում, իսկ Արա Մխիթարյանի՝ անգիտակից վիճակում հայտնվելուց հետո, Հարություն Գրիգորյանը շտապ օգնություն է կանչել։ 
 
«Վաղը, հնարավոր է, ապացուցվի, որ Զավեն Գրիգորյանը դեպքի ժամանակ դեպքի վայրում չի եղել։ Իսկ այդ անհերքելի ապացույցները տեսաձայնագրություններն են, հեռախոսային խոսակցությունների վերծանումներն են և այլն», - շեշտեց պաշտպանը։ 
 
Ասուլիսին ներկա Զավեն Գրիգորյանն ասաց, որ ժամը 00:00-ի մոտ տանը քնած է եղել, զանգ է ստացել եղբորից՝ կանչել է շենքի բակ։ «Ես ընդհանրապես շատ բան եմ ուզում պատմել, բայց գիտեմ, որ շատ բան ասելու իրավունք չունեմ», - նշեց նա՝ հավելելով, որ մոտ 6 ամիս է՝ այս գործով սուտ տեղեկություններ են տարածվում։ 
 
Զավեն Գրիգորյանի խոսքերով՝ մոտ 15 օր իր անունը չի շրջանառվել այս միջադեպում, և ինքը չի կարծել, որ իր դեմ կարող էր ինչ-որ ցուցմունք տալ, քանի որ դեպքը վայրում չի էլ եղել։ «Շատ մարդ է եղել, երբ որ ես հասել եմ դեպքի վայր։ Շտապ օգնությունն ինձնից հետո է եկել», - նշեց նա։
 

Հիշեցնենք, որ Եղեգնաձորում 2019 թվականի սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր եղել։Միջադեպի ժամանակ ծեծի հետևանքով փոխգնդապետ Արա Մխիթարյանը տեղափոխվել էր հիվանդանոց՝ «Փակ ծանր ԳՈՒՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալհեմատոմա՝ արտահայտված քունք տենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով։

Միջադեպի կապակցությամբ սեպտեմբերի 22-ին կալանավորվել էր Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, իսկ հոկտեմբերի 2-ին ձերբակալվել և  հոկտմբերի 4-ին կալանավորվել էր մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրված ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով։
 
Իսկ 2020 թվականի մարտի 6-ին գրավի դիմաց Զավեն Գրիգորյանն ազատ էր արձակվել Վայոց ձորում։ 
 
Միջադեպին որպես մասնակից շրջանառվում էր նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը, սակայն վերջինս հերքում էր իր մասնակցությունը, իսկ նոյեմբերի 18-ին Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ տեսաձայնագրությունների և հեռախոսազանգերի վերծանումների փորձաքննություններով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է, որ Սարգսյանի՝ ծեծի ընթացքում բնակարանից չբացակայելու և դեպքի վայրում չլինելու հանգամանքը։