Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց.10-ը մարտի․ Վազգեն Սարգսյանը ամուսնանալու հանդիսավոր խոստում տվեց (տեսանյութ)

1998-ի ճիշտ այս օրը տարօրինակ հրապարակային առաջարկով հանդես եկավ ՀՀ նախագահի թեկնածու, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը։ Նա հորդորեց թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանին եւ Վազգեն Մանուկյանին ինքնաբացարկ հայտնել իր օգտին, քանզի իր հաղթանակն ընտրություններում անխուսափելի է, եւ ինքը գիտե, թե ինչպես կարելի է օգտագործել հիշյալ երկուսի ներուժը։ Մասնավորապես Քոչարյանին Հրանտ Խաչատրյանը խոստանում էր թողնել վարչապետի պաշտոնում՝ տալով նրան գործադիրի ղեկավարի չվերահսկվող ազատություններ։ Հայտարարությունից 6 օր անց կայացած ընտրություններում Խաչատրյանն ստացավ քվեների 0,2 տոկոսը։

 

1998-ի այս օրը բացառիկ էր նաեւ այն տեսանկյունից, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանդիպեցին եւ իրենց ամուսինների արժանիքները ներկայացրին նախագահի թեկնածուների կանայք։ Սա մինչ օրս նման ֆորմատի միակ հանդիպումն է մեր պետության մեջ։

Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին մտերիմներն ու հարազատները շատ էին կշտամբում չամուսնանալու համար։ 1999-ի այս օրը 40 տարին արդեն բոլորած Վազգեն Սարգսյանը, ուսանողության հետ հանդիպման ժամանակ ամուսնանալու հանդիսավոր խոստում տվեց։

2000-ի այս օրը «Արմենիա» բանկի խաբված ավանդատուները որոշեցին բողոքի զանգվածային միջոցառումների ամենշաբաթյա ռեժիմից անցնել ամենօրյայի։ Այս հավաքում վտանգավոր կոչեր հնչեցին՝ ավանդատուները խոստանում էին դառնալ նաիրիհունանյաններ եւ վրեժ լուծել։ Բարեբախտաբար, սա եզակի դեպք էր, որ նաիրիհունանյանականությունն իբրեւ դրական երեւույթ վկայակոչվեց։

2001-ի այս օրերին հաճախակի կեղծ ահազանգեր էին ստացվում պետեկամուտների նախարարությունում տեղադրված ռումբի մասին։ Նման ահազանգերից ձանձրացած նախարար Անդրանիկ Մանուկյանը մարտի 10-ին, ռումբի պայթյունի հայտարարված ժամին անգամ նախարարության շենքը լքել չկամեցավ։

Թերեւս հետաքրքրական է փաստը, որ նույն 2001-ի սեպտեմբերին, բայց իր տան դռան բռնակին տեղադրված ռումբի պայթյունից, զոհվեց պետեկամուտների նախարարի պաշտոնում Անդրանիկ Մանուկյանին փոխարինած Գագիկ Պողոսյանը։

2002-ի այս օրը Հյուսիսային պողոտայի հիմնարկեքն էր։ Փողային նվագախումբ, տոնական տրամադրություն։ Ոգեւորված էին հատկապես «Հին Էրիվան»-ի սեփականատերերը, քանզի առաջին հիմնաքարը, որ դրվում էր, հենց իրենց շենքինն էր։ Հաջորդած տարիները ցուցանեցին, որ ակնկալիքներն ու ցնծությունը, մեղմ ասած, արդարացված չէին։ Ցայսօր կան չփոխհատուցված քաղաքացիներ, որոնց տները նախկինում Հյուսիսային պողոտայի տեղում էին, անորոշ է, թե ով է այսօր «Հին Էրիվան»-ի սեփականատերը, իսկ երեկոյան Հյուսիսային պողոտայի շքեղ էլիտարներում միայն հատուկենտ բնակարանների լույսեր են վառվում։

2006-ի այս օրը հիշարժան է այն տեսանկյունից, որ 8 տարի շարունակ բարձր սակագների համար չպատժված ԱրմենՏելը պատժվեց ցածր սակագների համար։ ՎիվաՍելի հայցի հիման վրա որոշվեց, որ ԱրմենՏելը չարաշահել է գերիշխող դիրքը։

Եվ վերջապես՝ 2013-ի մարտի 10-ին նախագահի ընտրության արդյունքները վիճարկող թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ սկսեց։