Հարկային փոփոխություններին կողմ են
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի համայնքների միությունը` ՀՀՄ-ն ողջունում է կառավարության առաջարկած հարկային այն փոփոխությունները,որոնք միանշանակ չեն ընդունվել անգամ կոալիցիոն պատգամավորների կողմից:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը, ըստ ՀՀՄ հաղորդագրության, ՏԻՄ-երին համայնքի առանձնահատկությունները հաշվի առնող ու տեղական տնտեսությունը խթանող նոր ու արդյունավետ գործիքներ է տրամադրում:
«Հասկանալով ՀՀ ԱԺ պատգամավորների հնչեցրած մտահոգությունները օրենքի նախագծի վերաբերյալ՝ վստահ ենք, որ դրանց զգալի մասը կփարատվի իրենց իսկ կողմից հետագայում այդ հարկատեսակների առանձնահատկությունները սահմանող օրենքների ընդունումով:
Ակնկալում ենք, որ ՀՀ ԱԺ խմբակցություններն ու պատգամավորները լիովին կաջակցեն «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների ընդունմանը, հետագայում սերտ կհամագործակցեն նախագծից բխող օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը ի շահ Հայաստանում ապակենտրոնացման քաղաքականության իրականացման ու համայնքների ուժեղացման»,- ասված է Հայաստանի համայնքների միության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է 8 նոր տեղական հարկատեսակներ` հյուրանոցային հարկ, վաճառքի հարկ, անավարտ շինարարության (կամ ոչ պատշաճ պահպանված անշարժ գույքի) հարկ, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկ, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկ, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու հարկ, տրանսպորտային միջոցների կայանատեղու հարկ, հանրային տարածքների զբաղեցման հարկ: