Գյուղացու համար էլ ջուրը կթանկանա՞
Աջակցիր «Ա1+»-ինՀանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի դրական որոշման դեպքում Շիրակի, Լոռու եւ Արմավիրի մարզերի բնակիչները ստիպված կլինեն ջրի համար վճարել ավելի թանկ:
«Շիրակ-ջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ընկերությունները խմելու ջրի սակագնի վերանայման հայտեր են ներկայացրել: «Շիրակ-ջրմուղկոյուղին» առաջարկում է ջրի սակագինը բարձրացնել ավելի քան 70%-ով, իսկ «Լոռի-ջրմուղկոյուղին» եւ «Նոր Ակունքը»` համապատասխանաբար` 64% եւ 65%-ով:
Նշենք, որ ներկայումս «Նոր Ակունք» ՓԲԸ-ն ջուրը բնակչին վաճառում է մոտ 150 դրամ/խմ սակագնով, իսկ «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունները` 120 եւ 121դրամ/խմ սակագներով:
Ջրի սակագնի վերանայման իրենց հայտերը ընկերությունները տարբեր կերպ են պատճառաբանել:
«Շիրակ-ջրմուղկոյուղու»-ն սակագնի բարձրացումը անհրաժեշտ է ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի պատշաճ սպասարկման եւ շահագործման, ինչպես նաեւ աշխատակիցներին ավելի մրցունակ աշխատավարձ վճարելու համար:
«Նոր Ակունք» ՓԲ ընկերությունն իր հայտում նշել է, որ ընկերությունն ունի դրամական ճեղքվածք: Դրան նպաստել է, օրինակ, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը:
«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ չի կարողանում ապահովել ինքնածախսածածկումը, սեփական միջոցների հաշվին չի կարող կատարել կապիտալ ներդրումներ: Ընկերությունը ցանկանում է սակագնի բարձրացմամբ բարելավել իր տեխնիկատնտեսական ցուցանիշները:
Ավելացնենք, որ առայժմ դեռ հայտնի չէ, թե երբ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը որոշում կկայացնի: Սակագների վերանայման հայտերը ներկայացվել են փետրվարի 1-ին, իսկ օրենքով Հանձնաժողովը դրանք քննելու համար ունի մինչեւ 90 օր ժամանակ: