Գազի գնի թանկացումը` արտաքին ճնշո՞ւմ
Աջակցիր «Ա1+»-ին«Գազի գնի կտրուկ թանկացումը ծանր հարված է հասցնելու երկրի տնտեսությանը եւ մեր քաղաքացիներին` յուրաքանչյուր սպառողի»,- մտահոգված այս փաստով` ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ:
«Ոլորտի մասնագետների այն դիտարկումը, թե մեր երկրում նույնիսկ թանկացումից հետո գազի գինը ցածր է լինելու համաշխարհային գներից, հետեւաբար մատչելի կլինի սպառողին, զուրկ է որեւէ խելամիտ հիմնավորումից,- նշում են հայտարարության հեղինակները` պարզաբանելով,- ՀՀ բնակչության եկամուտները բազմապատիկ անգամ զիջում են զարգացած երկրների բնակչության եկամուտներին, հետեւաբար` գազի թանկացումը կհանգեցնի շղթայական թանկացումների` կենսական նշանակության այլ ոլորտներում եւս»:
ՀՌԱԿ հայտարարության մեջ անպարտաճանաչության ու ցինզմի դրսեւորում է գնահատվում նաեւ մատուցված ծառայությունների անորակությունը, որն «առկա է ե'ւ գազի, ե'ւ կապի, ե'ւ ջրի, ե'ւ էլեկտրականության, ե'ւ տրանսպորտի ու վառելիքի, ե'ւ այլ ոլորտներում»:
«Իսկ այս ամենի մեղավորը «հայրենի» կառավարությունն է, որը դասախոսությունների ու հեքիաթասացության փոխարեն, ճիշտ կաներ որակի վերահսկողությունը խստացներ երկրում եւ շտապ հանդես գար գերշահույթի մասին օրենքի նախաձեռնությամբ ու կոալիցիոն գործընկերների հետ շտապ հաստատեր այն Ազգային Ժողովում»,- նշվում է հայտարարության մեջ:
ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը գազի գների թանկացումը դիտարկում է Հայաստանի Հանրապետության վրա ճնշում գործադրելու միջոց` արտաքին քաղաքականության գործընթացներում ինչ-ինչ հարցերում զիջումներ կատարելու պատրվակ, որն էլ չի բխում աշխարհասփյուռ հայ Ժողովրդի շահերից:
«Հետեւաբար պահանջում ենք ՀՀ Նախագահից ու իր քաղաքական գործընկերներից` գազի թանկացման հարցը դիտարկել ազգային անվտանգության տեսանկյունից և անել հնարավոր բոլոր քայլերը` մոտ ապագայում ապրանքների եւ մատուցված ծառայությունների որեւէ թանկացումից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ: