Հիմա էլ ճանապարհները կլինեն վճարովի
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր խորհրդարանը 106 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրեց «ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի Հայաստան ԲՖԳ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը»:
Դեմ քվեարկեցին «Ժառանգության»` նիստին ներկա 4 պատգամավորներն ու Տիգրան Թորոսյանը: Նա իր ելույթում նկատեց, որ որեւէ հաշվարկ հիմնավորում կառավարությունը չներկայացրեց, թե ինչպես է վերադարձվելու այսօր վավերացվող վարկը:
Հիշեցնենք, որ այս համաձայնագրով ՀՀ-ն վարկ է ստանալու Ասիական բանկից 500 մլն դոլարի չափով: Իսկ ընդհանրապես Հյուսիս-Հարավ ռազմավարական նշանակության ավտոճանապարհի կառուցման համար անհրաժեշտ է 1.400մլրդ դոլար: Գումարի մյուս մասը նախատեսվում է այլ աղբյուրներից ձեռք բերել:
500 մլն վարկ վերցնելու անհրաժեշտությունը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իսկ Տիգրան Թորոսյանն իր խոսքում նկատեց.
«Մենք պետք է ունենայինք առաջիկա տարիների ընթացքում մեր երկրի տնտեսական զարգացման պատկերը, պետք է իմանայինք` ինչ ցուցանիշներ ենք ունենալու, ինչպես ենք լուծելու մյուս խնդիրները ու դրանից զատ, ինչպես ենք վերադարձնելու վարկերը, ընդ որում ոչ միայն այս վարկը, այլեւ անցած տարի ավելացած մեկ միլիարդը, եւ ընդհանրապես մեր բոլոր պարտքերը»:
Ապա ավելացրեց` «Դժբախտաբար, վերջին մեկ տարվա եւ այս տարվա սկզբի քայլերը ցույց են տալիս, որ կտրուկ փոփոխություն է արվել տնտեսական քաղաքականության մեջ, որի հիմքում ընկած է մեկ սկզբունք. «Պարտք վերցրու եւ ծախսիր: Հետագայում ինչ կլինի`հետագայում ովքեր կլինեն, թող նրանք էլ մտածեն: Դժբախտաբար սա է այն սկզբունքը, որ ընկած է այս ծրագրի հիմքում»:
Տիգրան Թորոսյանի այս ելույթին բավականին զայրացած պատասխանեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը. «Ես խնդրում եմ մի հատ փորձեք միջազգային բանկից վարկ վերցնել: Եթե կարողանաք, այն ժամանակ էլ կհասկանաք, թե կառավարությանն այդ պարտքերը հենց այնպես չեն տվել, մենք էլ գնացել ենք ժողովրդին պարտքի տակ ենք մտցրել: Հիմնավոր ունե՞նք ապագայի պատկերացում. Այո, այդ պատկերացումները տարբեր են եւ մեծ են. եւ կարողացել ենք համոզել, որ այդ մեծ պատկերացումների ներքո ինստիտուցիոնալ հսկաներ մտնեն եւ մեզ օժանդակեն, կատալիտիկ դեր խաղան, եթե մենք չենք հիմնավորել, ոնց ենք դուրս գալու այս վիճակից, իրենք երբեք չէին ֆինանսավորի, ես ձեզ վստահեցնում եմ պրոֆեսիոնալ մակարդակով»:
Տիգրան Թորոսյանի խոսքից հետո նաեւ արտահերթ ելույթի անհրաժեշտություն զգաց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա որպեսզի շատ չնեղացնի կուսակցական նախկին ընկերոջն, վարկ վերցնելու անհրաժեշտությունը հիմնավորեց դահլիճում ներկա դպրոցական երեխաների անունից. «Այ թող երեխաներն ասեն, իրենք չե՞ն ուզում ունենալ լավ վիճակում ճանապարհներ»:
Բնականաբար, դահլիճում ներկա դպրոցականները գլխի միահամուռ շարժումով հաստատեցին Նիկոյանի ասածը:
Ի դեպ, Ներսիս Երիցյանը օրինագիծը ներկայացնելիս նշել էր,թե հարավ-հյուսիս ավտոճանապարհը հնարավոր է լինի վճարովի: ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին հարցրեց, արդյոք վճարովի սկզբունքը մեծ բեռ չի լինի մեր մարզերի բնակիչների համար եւ. «Հայաստանում ինչն ենք թողնելու անվճար»:
Գագիկ Մինասյանը հիմնավորեց, որ եթե որոշվի վճարովի դարձնել այդ մայրուղին, դա կարվի նրա համար, որ կառուցման բեռը չընկնի միայն բյուջեի վրա, այլ կոնկրետ մեծահարուստների վրա, որոնք կգերադասեն լավ, հարմարավետ ճանապարհը:
Նա նաեւ հավելեց, որ կլինի այլընտրանքային ճանապարհ, որը բնականաբար անվճար կլինի: Նռանյանն էլ նկատելով, որ այլընտրանքայի ճանապարհը միտումնավոր կպահեն անմխիթար վիճակում, որպեսզի մարդիկ ճարահատյալ նախընտրեն բարձրակարգ ավտոճանապարհը, հույս հայտնեց, որ նման որոշում այնուամենայնիվ չի կայացվի:
Ի դեպ, թեեւ ունեցած մտահոգություններին, ՀՅԴ-ն կողմ քվեարկեց օրինագծին: