«Անուշադրության է մատնված»․ ԼՀԿ-ականներին խնդրեցին այցելել սահմանամերձ շրջաններ
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» խմբակցության տարեկան հաշվետվության միջոցառմանը քաղաքացիները հնարավորություն ունեն իրենց հուզող խնդիրների մասին բարձրաձայնել պատգամավորների մոտ։
Տավուշի մարզկենտրոնից՝ Իջևանից, տեսակապի միջոցով Բերդի տարածաշրջանի բնակիչներից՝ Արթուրը ներկայացրեց իրենց տարածաշրջանի խնդիրները։
«Այսօրվա դրությամբ՝ շամշադինցիներին հիմնականում անհանգստացնում է գյուղատնտեսությունը։ Ադրբեջանի հետ մեր սահմանը շատ երկար է, մեր վարելահողը գտնվում է սահմանին մոտ, և գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հողերը»,- ասաց Արթուրը։ Նա նաև ընդգծեց, որ տարածաշրջանում ջրի խնդիր կա, ճանապարհները բարվոք վիճակում չեն, կան գյուղեր, որոնք նույնիսկ մշակույթի տուն չունեն, աշխատատեղեր չկան։ «Երիտասարդները զբաղմունքի տեղ չունեն»,- նկատեց Բերդի տարածաշրջանի բնակիչը, հավելելով, որ իրենց տարածաշրջանը անուշադրության է մատնված։
«Խնդրում եմ՝ հաճախ այցելեք Տավուշի մարզ»,- դիմելով ԼՀԿ-ականներին՝ ասաց նա։
Արձագանքելով սահմանամերձ տարածաշրջանի բնակչին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց․
«Սա խնդիրների փունջ է, սկսած ճանապարհներից մինչև մշակույթի տուն չունենալը։ Այսինքն՝ ՀՀ սահմանապահ գյուղերում ապրող մարդիկ կյանքի որակ չունեն։ Սրա մասին ես 8 տարի է՝ խոսում եմ։ Մեր երկիրը այնպիսի օրակարգերի մեջ է, որոնք կապ չունենան այս մարդկանց կյանքի հետ։ Մեկը կարո՞ղ է ասել, թե այս մարդու կյանքի հետ ի՞նչ կապ ունի հանրաքվեն։ Պետությունը այդ մարդու հարցերը որևէ ձևով հասցեագրո՞ւմ է։ Մեր մասով հետևյալը կարող եմ ասել՝ վերջին հարցումների համաձայն՝ «Լուսավոր Հայաստանը» ճանաչվել է ամենաշատը մարզային խնդիրները բարձրացնող կուսակցությունը»։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարի համոզմամբ՝ պետությունը պետք է ամեն ինչ անի, որ սահմանամերձ գյուղերում կյանքն աշխուժանա։
«Այս մարդն ուզում է աշխատի, բայց իր հողի վրա կրակում են։ Հիմա ինքը ո՞նց պետք է աշխատի, պետությունը պետք է աջակցի այս մարդուն, որովհետև այս մարդիկ պետք է այդտեղ լինեն։ Ինչո՞ւ, որովհետև երբ որ զինվորը ավտոմաատով կանգնած է, ինքը պետք է իմանա, որ իր ետևում այս մարդիկ ապրում են, ոչ թե 10 տուն է, այլ 100, 150, 1000 տուն է»,- նշեց Էդմոն Մարուքյանը։