Շուշիի հարցն առանձին չի քննարկվել․ քաղաքագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հանդիպման օրակարգը բավականին հագեցած է եղել»,-Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Օրբելի» վերլուծական-փորձագիտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ անդրադառնալով Շվեյցարիայի Ժնև քաղաքում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններին։
Ըստ նրա՝ բանակցություններում առաջին հիմնական կոմպոնենտը եղել է հիմնարար սկզբունքների հստակեցման խնդիրը, և մինչև որևէ փաստաթղթի շուրջ բանակցելը նախևառաջ դրված է եղել սկզբունքների հստակեցման հարցը։
«Երկրորդը վերաբերում է բանակցային գործընթացի միջավայրին կամ, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են իրենց հայտարարության մեջ նշել, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հնարավոր բոլոր քայլերին»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, որ այս փաթեթը բավականին լայն է։
Անդրադառնալով թեզին՝ կապված Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի հետ՝ Մինասյանն ասաց, որ անհեթեթություն է, և 2007 թվականից սկսած և ավելի վաղ ընդհանրապես Շուշիի հարցն առանձին չի քննարկվել։
«Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» եզրույթի մասով՝ «Օրբելի» կենտրոնի փորձագետն ասաց, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե «Արցախի իշխանություններ» եզրույթի փոխարեն «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» եզրույթի օգտագործումը հետքայլ է։
«Բովանդակային առումով որևէ տարբերություն չկա «Արցախի իշխանություն» և «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ» եզրույթի միջև, որովհետև Արցախում, ըստ էության, իշխանություններն ընտրվում են Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական ընտրությունների միջոցով․ սա բավական կարևոր է։ Հաշվի առնելով առաջիկայում Արցախում սպասվելիք ընտրական գործընթացները՝ նման եզրույթի կիրառմամբ, ըստ էության, կարևորվում են այդ գործընթացները»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։