Ազատամարտիկը պնդում է՝ իրենց դատապարտել են անհիմն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախյան պատերազմի մասնակից, ուղղաթիռային էսկադրիլիայի նախկին հրամանատար Ստեփան Նիկողոսյանը նշում է, որ 2002 թվականին իր և իր երեք ընկերների ձերբակալությունը եղել է անհիմն։ Նրա խոսքով՝ 2002թ իրենք դատապարտվել են 8 տարվա ազատազրկման, սակայն 3 տարի անց վաղաժամկետ ազատ են արձակվել։
Ստեփան Նիկողոսյանը նշում է, որ իրենց մեղադրել են «Երևան Կրեդիտ Սերվիս» բանկի փաստացի տնօրեն և սեփականատեր Սլավիկ Հովակիմյանի դեմ սպանության փորձ կազմակերպելու համար, որպեսզի բանկին հասանելիք գումարը չվճարեն, ինչը նա համարում է անհեթեթություն․
«Ամբողջ դատական նիստի ընթացքում որքան փորձեցինք պարզել, թե ինչ ձևով է հնարավոր սպանել նրան և ոչ մի ձևով չվճարել, մեզ ոչ մի ձևով չպարզաբանեցին և չբացատրեցին։ Հետաքրքիրն այն է, որ տուժող Սլավիկ Հովակիմյանը դատարանում հայտարարել է, որ ԱԱԾ ոմն աշխատող նշել է, որ կա մի հանցավոր խումբ, որը պատրաստվում էր սպանել ՀՀ նախագահին և իրեն՝ մեքենան պայթեցնելու միջոցով»․- նշում է Ստեփան Նիկողոսյանը։
Նրա խոսքով՝ ըստ մեղադրանքի, ինքը եղել է կազմակերպիչը, սպանության պատվիրատուն եղել է բանկից վարկ վերցնողն, իսկ մյուս երկու ընկերները եղել են կատարող։
«Երբ մեզ մեղադրանք առաջադրեցին, որ փորձել ենք սպանել Սլավիկ Հովակիմյանին, մենք պաշտպանի հետ միջնորդություն ներկայացրեցինք և ասացինք՝ եթե մեղադրում եք, ներկայացրեք մեղադրանքի հիմքերը, ինչի՞ համար եք մեղադրում։ Քննիչը գրավոր պատասխանել էր՝ քանի որ մեղադրյալ կողմը չի ներկայացնում մեղադրանքը հերքող ապացույցներ, մենք համարում ենք, որ մեղադրանքը հիմնավորված է։ Քննիչը մեղադրանքը առաջադրել էր, բայց փաստեր չէր ներկայացրել, բայց հետո պարզվեց, որ լսել են մեր հեռախոսային զրույցները, որը կազմել էր 46 ձայներիզ։ Քննիչն արձանագրում է, որ 46 ժամանոց ձայներիզը լսել է 1 օրվա մեջ՝ ընթերականների ներկայությամբ, բայց հետաքրքիրն այն է, որ 7 ձայներիզը ստացել է անվտանգության կողմից ավելի ուշ։ Սակայն երբ ընթերականն եկավ և հայտնեց, որ իրենք 46 ձայներիզ չեն լսել և լսած ձայներիզների մեջ էլ սպանության մասին ոչ մի բառ չեն լսել, դատարանը դա շան տեղ չդրեց» ։
Մանրամասները՝ տեսանյութում