Equal Rights Trust-ը 20-ից ավելի առաջարկ է ներկայացրել ՀՀ Կառավարությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հավակնորդներից մեկը փաստաբան և ակտիվիստ Հուդա ալ-Սարարին էր։ Նրան մարդու իրավունքների ոտնահարումների մասին բարձրաձայնելու հարցում աջակցել է Equal Rights Trust կազմակերպությունը։ «Հուդան քաջ կին է, որն իր գործունեությունը ծավալել է Եմենում, քաղաքացիական պատերազմի ժամանակ և բացահայտել է այդ երկրում օտարերկրյա կառավարությունների կողմից պահվող գաղտնի բանտերը և հրապարակել դրանց մասին։
Հուդան փաստացի չհաղթեց, բայց ես գիտեմ, որ նա շատ ուրախ և հպարտ էր այս հնարավորության համար՝ բարձրաձայնելու իր երկրում առկա մարդու իրավունքները և կրկին հասարակության ուշադրությունը գրավելու Եմենում տիրող իրավիճակի նկատմամբ»,- ասում է Equal Rights Trust կազմակերպության տնօրեն Ջիմ Ֆիցջերալդը։
Կազմակերպության տնօրենի այցը Հայաստան պայմանավորված չէ միայն «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողությամբ։ Կազմակերպությունը վերջին 2 տարիների ընթացքում համագործակցում է հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ և փորձում է Կառավարությանն օգնել մշակել «Իրավահավասարության ապահովման մասին» արդյունավետ օրենքի նախագիծ։
«Մենք բարձրաձայնել ենք մի շարք խնդիրներ, որոնք տեսնում ենք նախագծի այս տարբերակներում և գտնում ենք, որ դրանք կարող են վնասել և ավելի քիչ արդյունավետ դարձնել օրենսդրությունը։ 20-ից ավելի առաջարկներ ենք արել՝ միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրություն ունենալու համար։ Առաջարկների մի մասը վերաբերում էին քաղաքական հարցերի, իսկ մնացյալը ոչ այնքան քաղաքական, որոնք շատ կարևոր են արդյունավետ օրենսդրություն ունենալու համար»,- ընդգծում է նա։
Կազմակերպությունը Հայաստանում որևէ հարցում չի արել` պարզելու, թե խտրականության ո՞ր ձևերն են առավել տարածված, բայց արձանագրել են, որ կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց, կամ ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականություն է դրսևորվում։ Ջիմ Ֆիցջերալդը կոնկրետ երկրի անուն չի տալիս, թե Հայաստանն այս հարցում ո՞ր երկրին կարող է հետևել, բայց Հայաստան իր այցերի ընթացքում հասկացել է, որ այս ոլորտում Հայաստանը կարող է ինքնուրույն արդյունքի հասնել։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք հանդիպում ենք ունեցել նաև Կառավարության ներկայացուցիչների հետ, բայց մեր հիմնական աշխատանքը քաղաքացիական հասարակության հետ է։ Մենք կարծում ենք, որ ինչքան էլ լինենք միջազգային իրավունքի հետ կապված հարցերում մասնագետ և փորձագետ, յուրաքանչյուր պետություն ազգային օրենսդրությունը ձևավորելիս պետք է առաջին հերթին իր ներքին ռեսուրսներով դա անի»,- նկատեց Ջիմ Ֆիցջերալդը։
Equal Rights Trust կազմակերպության տնօրենն ընդգծում է, որ մարդուն պետք է մանկուց սովորեցնես, թե ի՞նչ է հավասարությունը և օրինակներով ցույց տաս դա։ Նա վստահ է, որ համապարփակ հակախտրական օրենք ունենալուց հետո մարդկանցից կարող ենք որևէ բան պահանջել։